
Անասնապահությամբ զբաղվող քաղաքացից վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անասնապահությամբ զբաղվող Անդրանիկ Նավասարդյանը վաճառքի է հանել իր ունեցած 900 գլուխ ոչխարը: Ասում է՝ կեր չունի, որ պահի: Թերթի հետ զրույցում քաղաքացին ափսոսանքով արձանագրեց, որ 900 գլուխ ոչխար պահելու համար հազարավոր դոլարներ է անհրաժեշտ: «Ախր, ոչխարին համակցված կերով չես կարող պահել, խոտ պետք է ուտի: Առանց խոտի հնարավոր չէ, իսկ այսօր խոտի մեկ հակն արժե 2500-3000 դրամ: Միայն 900 գլուխ ոչխար պահելու համար 500 տոննա կեր է պետք 180 օրվա համար»,- ներկայացրեց քաղաքացին:
Մեր զրուցակցի հաշվարկներով՝ 500 տոննա անասնակեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է 120 հազար դոլար: Այս հարցով Անդրանիկ Նավասարդյանը դիմել է Էկոնոմիկայի նախարարություն, սակայն այս պետական կառույցից քաղաքացուն առարկայական չեն օգնել, միայն առաջարկել են 0 տոկոսով վարկավորում: Ֆերմերի խոսքով՝ այդ տարբերակը ձեռնտու չէ. «Գումարի խնդիր չկա, բայց չենք կարող 120 հազար դոլար դնել էս կենդանիների վրա»:
Այն, որ Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա, այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է: Մենք չենք դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել:
Եթե անասնատերը կարողանում է ամեն դեպքում խոտ հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ: Բացի այս, Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ին քաղաքացիներին հորդորում էր ոչխար պահել: Պահեցին, և՞…»