Բաժիններ՝

Դաթոյի երևանյան համերգը տեղի կունենա 2022 թվականի մարտին կամ ապրիլին. մինչ այդ գնված տոմսերը ուժի մեջ են

Վրացի երգիչ Դաթոյի երևանյան մենահամերգը, որը մի քանի անգամ հետաձգվել է, նախատեսվում է կազմակերպել 2022 թվականի մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին: 2019-ից ի վեր նրա համերգին մասնակցելու նպատակով ձեռք բերված տոմսերը վավեր են:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց համերգի կազմակերպիչ AVM ընկերության տնօրեն Վիկտորիա Մալոյանը:

Մալոյանն ասաց, որ սերտ կապի մեջ են այն հարթակների հետ, որոնք վաճառում են տոմսերը և տեղեկացրել են, որ գնված տոմսերն ուժի մեջ են: Միայն Ֆիլհարմոնիայի տոմսարկղից տոմսեր գնած մարդկանց հետ կապ չեն հաստատել, քանի որ նրանցից կոնտակտներ չունեն: Կապը նրանց հետ պահպանվում է Ֆիլհարմոնիայի տոմսարկղի միջոցով:

Խոսելով 2020 թվականի ապրիլի 7-ին հետաձգված համերգի մասին՝ նա շեշտեց, որ այն չի կայացել համավարակի պատճառով, իսկ 2021-ի հոկտեմբերի 2-ին նախատեսված համերգը չի կայացել սիրված երգահան, երգիչ Հայկոյի մահվան պատճառով: Նա պարզաբանում է՝ Հայկոն և Դաթոն մտերիմներ են եղել:

«Համերգը կյանքի կկոչենք կա՛մ մարտի 8-ին, կա՛մ ապրիլի 7-ին: Ձեռք բերված տոմսերն ուժի մեջ են: Մենք հիմա հայտարարություն չենք անում, սակայն Նոր տարուց հետո համերգի օրը կհստակեցվի, և մենք հանդես կգանք հայտարարությամբ: Մեր իրավաբանը նամակ է ուղարկում տոմսերը գնած մարդկանց՝ տեղեկացնելով, որ կարող են գնալ Դաթոյի համերգին կամ մեր ընկերության կազմակերպած այլ համերգի»,-շեշտեց կազմակերպիչը:

Անդրադառնալով տոմսերի գումարը վերադարձնելու հարցին՝ Մալոյանն ասաց, որ ամբողջ աշխարհում համավարակի ընթացքում կազմակերպված և հետաձգված համերգների տոմսերի գումարի վերադարձ չի եղել, և իրենք բացառություն չեն: «Մենք համերգային հարթակների կանխավճար ենք տվել, վճարել ենք գովազդի, տպագրության գումար: Մենք տոմսեր վաճառող հարթակներին գումարի 10-ից 15 տոկոսն ենք թողնում: Եթե գումարը վերադարձնենք այդ տոկոսը ևս պետք է վերադարձնենք ու ընկերությունը կտանենք սնանկության»,-շեշտեց Վիկտորիա Մալոյանն ու հավելեց, որ համերգի չեղարկումից մի քանի օր առաջ արդեն Tomsarkg.am-ում և Ֆիլհարմոնիկի տոմսարկղում Դաթոյի համերգի տոմս չի վաճառվում:

AVM ընկերությունը Հայաստանում կազմակերպել է Դաթոյի, Սևակ Խանաղյանի, Թոմաս Նեվերգրինի և այլ արտիստների համերգներ: «Դաթոն մեր ընկերն է, և մենք ամեն օր նրա հետ կապի մեջ ենք»,-ընդգծեց Մալոյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում լուրեր էին տարածվել այն մասին, որ Դաթոյի երևանյան համերգը չեղարկվել է, չի կայանալու, իսկ համերգի կազմակերպիչ Վիկտորիա Մալոյանի հետ կապ հաստատել չի ստացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս