Հաղորդում էր ստացվել, որ տղամարդն իր տանը հանկարծամահ է եղել…
Դեկտեմբերի 7-ին ոստիկանները Գյուրմրիի Մուշ-2 թաղամասի իր բնակարանում 40-ամյա տանտիրոջը մահացած գտան: Ժամը 16-ի սահմաններում շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ տղամարդն իր տանը հանկարծամահ է եղել:
Դիակի ձախ աչքի շրջանում կապտուկ և քերծվածքներ կային: Չէր բացառվում, որ նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց: Թեև ընկերուհին, որ նույն բնակարանում էր ապրում, վստահեցնում էր, որ վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ` ընկնելու հետևանքով:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Թե՛ դատաբժշկի եզրակացությամբ և թե՛ համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում իրավապահներն այլ բան պարզեցին: Դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում, ընկերուհու ներկայությամբ իր բնակարանում ոգելից խմիչք օգտագործած 40-ամյա տղամարդը վեճի էր բռնվել 28-ամյա ծանոթի հետ, որն էլ բռունցքներով նրա գլխին էր խփել՝ պատճառելով վնասվածքներ:
Դեպքին հաջորդող օրերին տղամարդու առողջական վիճակը վատացել էր, իսկ դեկտեմբերի 7-ին նա մահացել էր:
Դեկտեմբերի 9-ին կասկածվողը, որ Գյումրիի Կոմինտերնի փողոցում է բնակվում, հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:
28-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: