ԵՄ-ում որոշել են ստեղծել Ապաստանի տրամադրման եվրոպական գործակալություն
ԵՄ-ի խորհուրդը դեկտեմբերի 9-ին հաստատել է Ապաստանի տրամադրման եվրոպական գործակալություն ստեղծելու մասին որոշումը: Այդ մասին ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ նոր գործակալությունն ստեղծվելու է գոյություն ունեցող Ապաստանի տրամադրման եվրոպական գրասենյակի բազայի վրա, նրա նպատակն ապաստանի տրամադրման համաեվրոպական համակարգի բարելավումն է եւ փոխգործակցության ուժեղացումը ինչպես միության անդամ երկրների, այնպես էլ երրորդ պետությունների հետ:
Գործակալության ստեղծումն անցկացվում է ԵՄ-ում միգրացիայի հարցով նոր եվրոպական փաթեթի համաձայնեցման շրջանակներում:
2020 թվականի վերջին ԵՄ-ն ձեռնամուխ է եղել Միգրացիայի նոր փաթեթի քննարկմանը: Փաստաթղթում, որը դեռ պետք է համաձայնեցվի ԵՄ-ի երկրների կողմից, առաջարկվումէ խստացնել միգրացիոն հսկողությունը Եվրամիության արտաքին սահմաններին, արագացնել ապաստան տրամադրելու հարցումների քննարկումը: Նախագիծը նաեւ նախատեսում է Եվրամիության 27 անդամ երկրների պատասխանատվությունը միգրանտների ընդունման եւ վերադարձման համար, ինչը պետք է նվազեցնի ճնշումը այնպիսի պետությունների վրա, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան եւ Մալթան, որոնք բախվում են միգրանտների առավել մեծ հոսքին:
Մասնավորապես, առաջարկության մեջ ասվում է, որ պետությունները կարող են ինչպես ընդունել ԵՄ-ի որեւէ երկրից ժամանած փախստականներին, այնպես էլ իրենց վրա պարտավորություններ վերցնել, այդ թվում՝ ֆինանսական, այն անձանց վտարելու համար, ովքեր Եվրամիության տարածքում մնալու իրավունք չեն ստացել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունը շուրջ 10 միլիարդ եվրո կհատկացնի առաջիկա վեց տարում միգրացիայի բնագավառում ընդհանուր քաղաքականության իրագործման համար:
Վերջին ժամանակներս Բելառուսի հետ Լեհաստանի, Լիտվայի ու Լատվիայի սահմաններին ուժեղացող միգրացիոն ճնշման ֆոնին ստեղծված ճգնաժամի կապակցությամբ ԵՄ-ում սկսել են խոսել այն անհրաժեշտության մասին, որը վերաբերում է ամենակարճ ժամկետում միգրացիայի եւ ապաստան տրամադրելու համաեվրոպական փաթեթի համաձայնեցման գործում առաջընթացի հասնելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: