ՄԱԿ-ը «Թալիբան» շարժմանը կոչ է անում՝ պաշտպանել բոլոր աֆղանցիների իրավունքները
Աֆղանստանի աջակցման ՄԱԿ-ի ներկայացուցչությունը «Թալիբան» շարժմանը կոչ է արել՝ իր աջակցությունը ցուցաբերել յուրաքանչյուր աֆղանցու իրավունքների պաշտպանության հարցում«Նշելով Մարդու իրավունքների միջազգային օրը՝ Աֆղանստանի աջակցման ՄԱԿ-ի ներկայացուցչությունն ընդգծում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նշանակությունը եւ Աֆղանստանի համար դրա իրական նշանակությունը»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Հավասարության եւ ոչ խտրական սկզբունքներն առաջնային նշանակություն ունեն բոլորի կողմից մարդու իրավունքների իրականացման համար: Մենք կոչ ենք անում «Թալիբան»-ին՝ այդ սկզբունքը դարձնել Աֆղանստանի ամենօրյա կյանքը»,-ասել է Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեբորա Լայոնսը, որի խոսքերը մեջբերվում են կայքում:
«Պարտավորությունները, որոնք թալիբներն ստանձնել են բոլոր աֆղանցիների իրավունքների պաշտպանության հարցում, դեռ չեն կատարվել: Մասնավորապես կանայք եւ աղջիկներն իրենց իրավունքների սահմանափակման վկաներն են դարձել 2021 թվականի օգոստոսի 15-ից՝ կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժի եւ կյանքի մյուս ասպեկտների հասանելիության առումով»,-նշել են ՄԱԿ-ում: ՄԱԿ-ում նաեւ խորը անհանգստություն են հայտնել այն մասին հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են սպանություններին, բռնությունների կիրառմանը եւ Աֆղանստանի անվտանգության ծառայությունների, կառավարության նախկին աշխատակիցների առեւանգմանը, ներառյալ բողոքի մասնակիցները, զանգվածային լրատվական միջոցների, իրավապաշտպանների եւ փոքրամասնությունների ներկայացուցիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: