Աֆղանստանում աճել է «Ալ Քաիդայի» զինյալների թիվը. Պենտագոն
Աֆղանստանում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալների թիվը, հավանական է, աճել է այն ժամանակվանից, ինչ ամերիկացիներն օգոստոսի վերջին իրենց զորքերը դուրս բերեցին այդ երկրից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԱՆՏԿՕՄ) ղեկավար, գեներալ Քենեթ Մակքենզին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 9-ին։
«Կարծում եմ՝ (Աֆղանստանում) նրանց թվաքանակը փոքր-ինչ աճել է: Այնտեղ կա («Ալ Քաիդայի») ներկայությունը,- ասել է նա: -Մենք գտնում ենք, որ այն զգալիորեն կրճատվել է այդ հակամարտության (այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական գործողության ավարտի) վերջում: Կարծում եմ, որ որոշ մարդիկ, հավանաբար, վերադարձել են (Աֆղանստան): Բայց դա «թեմաներից» մեկն է, որը մենք հետեւում ենք:
Հենց այժմ ես պատրաստ չեմ վստահությամբ ձեզ հայտնելու (նրանց) թիվը»: Գեներալը հավելել է, որ Աֆղանստանի սահմանների հուսալի պահպանման բացակայությունն «Ալ Քաիդայի» զինյալներին թույլ է տալիս վերադառնալ Աֆղանստան, ինչն էլ նրանք անում են: «Մենք կցանկանայինք, որ (Աֆղանստանում իշխանությունը զավթած) «Թալիբանը» խիստ դիրքորշում բռներ «Ալ Քաիդայի» նկատմամբ»,- հայտարարել է Մակքենզին:- Կարծում եմ, որ «Թալիբանի» ներսում տարաձայնություններ կան (իրենց) հետագա գործողությունների վերաբերյալ: (…) Այնպես որ մենք առայժմ փորձում ենք պարզել, թե «Թալիբանն» ինչպես է մտադիր գործել նրանց նկատմամբ: Ենթադրում եմ, որ առաջիկա երկու ամսում հստակ պատկեր կառաջանա մեզ համար»:
ՍԵՆՏԿՕՄ-ի ղեկավարը նաեւ ենթադրել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո այնտեղ ակտիվանում է նաեւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը: Գեներալի խոսքով՝ թալբները եւ ԻՊ-ի զինյալները միմյանց վերաբերվում են որպես թշնամիների, բայց «Թալիբանի» համար ամենամեծ խնդիրը, կարծում է նա, այնուամենայնիվ ներկայացնում է «Ալ Քաիդան», հաղորդել է ՏԱՍՍ-ը: