Նազարբաևն Ադրբեջանին հրավիրեց ԵԱՏՄ դիտորդության. Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց
Այսօր ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Տեսակապով ընթացող նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության արդիական ասպեկտները, նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ինտեգրման հետագա խորացմանը և ապրանքների ու ծառայությունների միասնական շուկաների ձևավորմանը: Ծրագրվում է նաև համաձայնեցնել 2022 թվականի ԵԱՏՄ միջազգային գործունեության առաջնահերթությունները։
Նիստին ելույթներով են հանդես գալիս ԵԱՏՄ ղեկավարները:
ԵԱՏՄ խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ելույթում անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ասելով, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնությունից հետո: Նա այն կարծիքին է, որ բոլորն են այդ մտքին:
Ինչպես նախկինում, նա այսօր էլ ասաց, որ հնարավոր է համարում Ադրբեջանի հետ բանակցությունը, որպեսզի վերջինս ևս դառնա ԵԱՏՄ դիտորդ երկիր:
Նազարբաևի որակմամբ, Ուզբեկստանի օրինակը, որն արդեն միացել է որպես դիտորդ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։
Նազարբաևի ելույթին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը նա նվիրեց ԵԱՏՄ-ին և որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևի՝ Ադրբեջանին ուղղված բանավոր հրավերին: