Կխնդրեմ իմ որոշման մեջ չփնտրել տարբեր ենթատեքստեր․ Գործելու եմ ընդդիմադիր դաշտում․ Իշխան Զաքարյան
Կայացրել եմ որոշում դուրս գալ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից և իմ աշխատանքը շարունակել խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավոր։
Կխնդրեմ իմ որոշման մեջ չփնտրել տարբեր ենթատեքստեր։ Սա իմ անձնական որոշումն է, և պահպանված են էթիկայի բոլոր նորմերը։
Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ունեմ գաղափարներ, առաջարկներ, մշակումներ, որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն մեր երկրին՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ, դուրս գալու այս ճգնաժամից։ Իսկ դա ինձ համար ամենակարևորն է։
Ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ։ Եվ իմ որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով։ Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել, միաժամանակ չեմ ուզում անհարմարություններ պատճառել այն մարդկանց՝ ում հետ մտել եմ խորհրդարան։
Այդ պատճառով որոշեցի գործունեությունս շարունակել որպես անկախ պատգամավոր։
Գործելու եմ ընդդիմադիր դաշտում։
Ակնկալում եմ ըմբռնումով մոտենալ իմ որոշմանը։
Իշխան Զաքարյան