
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա. ԱՀԿ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա: Այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Օմիկրոնի որոշ գծեր, այդ թվում և դրա գլոբալ տարածումն ու մուտացիաների մեծ թիվը, թույլ են տալիս ենթադրել, որ այն նշանակալի ազդեցություն կարող է ունենալ կորոնավիրուսի համավարակի ընթացքի վրա»,- ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ օմիկրոն շտամը հայտնաբերվել է արդեն 57 երկրում՝ նշելով, որ այդ թիվը շարունակելու է աճել:
Գեբրեյեսուսը նշել է, որ համաձայն Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկող տվյալների՝ օմիկրոնը մեծացնում է կրկնավարակի ռիսկը: Այդուհանդերձ, նա նշել է, որ անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ վերջնական եզրակացության գալու համար: