
Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումն Ուկրաինայի հաշվին Ռուսաստանի համար խիստ զգայուն հարց է համարում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, այդ թվում և Ուկրաինայի ներգրավմամբ, խիստ զգայուն հարց է համարում ՌԴ անվտանգության տեսանկյունից: Այս մասին Պուտինը հայտարարել է Հունաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցի որոշ դրվագների:
«Այո, մենք խոսել ենք տարածաշրջանային խնդիրներից, Ուկրաինայի հարավ-արևելքում առկա հակամարտությունից և դրա հետ կապված այլ, մեզ համար շատ զգայուն թեմայից՝ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից, այդ թվում և՝ Ուկրաինայի հաշվին»,- ասել է Պուտինը: Նա տեղեկացրել է, որ այս հարցը առանցքային դերակատարում ունի միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանի անվտանգության տեսանկյունից, ինչի մասին ռուսական կողմը մշտապես տեղյակ է պահում իր գործընկերներին՝ ասելով, որ դա անընդունելի է:
«Իհարկե, ցանկացած երկիր իրավունք ունի ընտրել իր համար առավել ընդունելի տարբերակ՝ ապահովելու սեփական անվտանգությունը, սակայն դա պետք է արվի այնպես, որ չխախտվեն այլ երկրների հետաքրքրությունները ու չխաթարվի մյուս երկրների անվտանգությունը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի»,- ասել է Պուտինը: