Այդ միջադեպին չեմ մասնակցել. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց, որ ինքն այդ միջադեպին մասնակից չի եղել:
«Ինձ մտահոգում է խորհրդարանի ներսում տեղի ունեցած ցանկացած անտակտ արարք, ցանկացած բռնության գործադրում՝ ցանկացածի կողմից: Բոլոր լրատվամիջոցները երեկ գրել են կամ հայտնել են, թե Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում տեղի է ունեցել ծեծկռտուք: Ուզում եմ բոլորիդ հայտնել, որ լրատվամիջոցների հայտնած լուրը սուտ է: Իմ աշխատասենյակում որևէ միջադեպ տեղի չի ունեցել, որևէ զրույց տեղի չի ունեցել»,- ասաց ԱԺ փոխնախագահը, իսկ երբ լրագրողները հերթական ճշտող հարցն ուղղեցին, նա, պարզ չդարձավ՝ հեգնա՞նք էր, թե՞ իրականում տեղի ունեցածի մասին պատմություն, ասաց.
«Իմ աշխատասենյակում միայնակ նստած լուր եմ կարդացել, թե ինչպես է իմ աշխատասենյակում ծեծկռտուք տեղի ունենում: Առաջին հերթին դուրս եկա, իմ երկու օգնականներին հրավիրեցի ներս, որպեսզի այդ խայտառակ հայհոյանքները չլսեն, երկու երիտասարդ աղջիկներ են»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Իսկ հետո փոխանցեց իր ունեցած տեղեկությունները, որ երկու խմբակցությունների պատգամավորների օգնականների միջև տեղի է ունեցել խոսակցություն՝ այդ օրն ավելի վաղ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որը վերածվել է ծեծկռտուքի միջանցքում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում