Փաշինյանն ընդունե՞լ է Սամվել Բաբայանի՝ Արցախը մանդատային տարածք դարձնելու առաջարկը, կամ ինչո՞ւ մոռացվեց «Անջատում հանուն փրկության» բանաձևը

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է պնդել, որ Արցախը պետք է դառնա մանդատային տարածք, այլապես, եթե այսօր սկսենք քննարկել Արցախի կարգավիճակի հարցը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, հայկական պետությունը հայտնվելու է Ադրբեջանի կազմում:

«Մանդատը երաշխավորում է Արցախի երկարաժամկետ ինքնուրույնությունը՝ մինչև երկու ժողովուրդները իրար միջև իրական փոխվստահություն ձեռք բերեն, արդեն դրանից հետո կնստեն ու ստատուսը-բանը կքննարկեն՝ ինչ կարգավիճակ լինի: Բայց քանի որ դա մեր մեջ չկա, դրա մասին խոսելն անիմաստ է: ՌԴ-ին ՄԱԿ-ում լոբբինգ անել, խնդրել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որ ՌԴ-ին տան մանդատ Ղարաբաղի հարցով: Ինչի՞ Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը Սովետական Միության իրավահաջորդն է, և ինքն է Արցախը մտցրել Սովետմիության տարածք, ինքն էլ թող վերցնի մանդատը և պատասխանատվություն կրի այդ ժողովրդի մասով: Սա է իմ մեկնաբանությունը, թե ինչի վարչապետը չի խոսում: Ինչի՞ց խոսի, խոսի, որ Ղարաբաղին պիտի կարգավիճա՞կ տան»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Բաբայանը:

Սամվել Բաբայանն այս մասին բաց տեքստով խոսել էր դեռ 2019-ին՝ ասելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո:

Այն ժամանակ Արցախի խորհրդարանական ուժերը նման հայտարարության համար քննադատեցին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

Մասնավորապես, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Հայկ Խանումյանը, այն ժամանակ որպես ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր, մանդատային տարածքի գաղափարն անընդունելի և վտանգավոր էր համարել:

«Ռուսաստանը, 19-րդ դարի 20-ականներից սկսած, ամեն ինչ արել է Ղարաբաղում հայության դերի փոքրացման և մահմեդական տարրի ավելացման համար, իսկ 1921թ. Ղարաբաղի «մանդատատեր» Ռուսաստանը գործել է հօգուտ Ադրբեջանի, ինչի հետևանքով մենք այսօր պատերազմական վիճակում ենք: Հետևաբար, Սամվել Բաբայանի նման հայտարարությունը մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Պետք է սպասել լրացուցիչ պարզաբանումների»,- ասել էր նա:

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը՝ որպես «Հայրենիք» խմբակցության ղեկավար, հավելել էր, որ երբ սկսվել էր Արցախյան շարժումը, 1988-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ներկայացուցիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ Արցախում ստեղծվել էր Հատուկ կառավարման կոմիտե, որը երկրամասը վերածել էր յուրօրինակ մանդատային տարածքի, սակայն ժամանակը ցույց է տվել, որ դա չի կարող արդյունավետ լինել:

«Այն ճանապարհը, որով անցել է Արցախի ժողովուրդը, պայքարի, անկախության հանրաքվեի և պետականաշինության, լիիրավ իրավունք է տալիս պնդելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, և քաղաքական առումով անընդունելի է մանդատային որևէ տարբերակի քննարկումը»,- շարունակել էր Թովմասյանը:

Այն ժամանակ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ շեշտել էր՝ անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո, եթե անգամ խոսքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետության մասին է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը ևս այն ժամանակ քննադատել էր Սամվել Բաբայանին՝ համեմատելով Զորի Բալայանի հետ:

«ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տեսակետ է հայտնել, թե Արցախը պետք է լինի «մանդատային տարածք», ու «մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծում ա մի հատ քարտեզ․․․» և այլն։ Պարզ ասած՝ 2020թ․ ԼՂՀ նախագահի ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցող գործիչն առաջարկում է հակամարտության կարգավորումը վստահել բացառապես Ռուսաստանին։

Մի փոքր նախապատմություն։ Երբ 90-ականների վերջերին Ադրբեջանի իշխանությունների համառ ջանքերով և ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից, ադրբեջանական կողմը դա քիչ համարեց ու անընդհատ քարոզում էր այն գաղափարը, թե Հայաստանը, որպես «Ռուսաստանի կցորդ», նույնպես անելիք չունի բանակցությունների սեղանի շուրջ, և իրենք պիտի ուղղակի բանակցությունների մեջ մտնեն Մոսկվայի հետ։ Դա, իհարկե, չաշխատեց ու չէր էլ կարող աշխատել, բայց քարոզչական որոշակի ազդեցություն ունեցավ։ Հետո էլ Զորի Բալայանը Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի առթիվ Ռուսաստանին կոչ արեց «գալ և տեր կանգնել Արցախին»։ Այսինքն՝ Արցախի ճակատագիրը Ռուսաստանին վստահելու գաղափարը մեզանում նոր չէ։

Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ռուսաստանը հազիվ թե մեր օգտին օգտագործի այդ «մանդատը»՝ այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում դա։ Ի վերջո, այդպիսի հնարավորություն ուներ և՛ ցարական Ռուսաստանը, և՛ խորհրդային Ռուսաստանը, բայց երկու դեպքում էլ Արցախի ճակատագիրը վճռեց հօգուտ ադրբեջանցիների։ Խնդիրն ավելի լայն է՝ արժե՞ ընդհանրապես սեփական խնդիրները լուծելու մանդատն ինքնակամ հանձնել որևէ մեկին ու հետո սրտատրոփ սպասել որոշմանը։ Հետո էլ հերթական անգամ անիծել «հայի բախտը» ու բողոքել, որ ոչ միայն ռուսները չեն սիրում մեզ, այլև ֆրանսիացիները (որովհետև լավ չտնօրինեցին Կիլիկիայի մանդատը), ամերիկացիները (որովհետև Վիլսոնի իրավարար վճռից միայն քարտեզը մնաց), և այլն։ Արժե՞ արդյոք սեփական ճակատագիրը վստահել ուրիշներին, առավել ևս՝ անկախ պետականություն ունենալու պայմաններում»,- ասվում էր «Հայկական ժամանակի» անստորագիր հոդվածում։

Չի բացառվում, որ հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է: Իսկ հոդվածն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանը ամուսնալուծվող զույգ չեն, ոչ էլ Արցախն է երեխա, որ սպասենք-տեսնենք դատարանն ի՞նչ է որոշում, ո՞ւմ հետ պիտի ապրի «երեխան» (ու պայքարենք, որ դատավորը մեր նկատմամբ լավ տրամադրված լինի)։ Մեր նպատակն է՝ հասնել նրան, որ աշխարհը ճանաչի «երեխայի չափահասությունը» և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը»:

Ժամանակին այս պնդումներն անողները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով հեղափոխությունից հետո պնդում էր, թե Արցախի հարցը լուծելու մանդատ չունի, և, որ Արցախը վերադարձնելու է բանակցային սեղան, միանձնյա որոշեց Արցախի ճակատագիրը, որը հանգեցրեց հայկական երկրորդ պետության ավելի քան 70 տոկոսի կորստի, վտանգվեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ավելի ուշ պատերազմից հետո գոնե մեկ անգամ Արցախ չգնացած Փաշինյանը հայտարարում է, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջանը» թանկ է նստում ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի համար: Սա այլ քննարկման թեմա է:

Իսկ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո մի պահ սկսեց ակտիվորեն առաջ մղել «Անջատում հանուն փրկության» բանաձևը, թե դրանում է տեսնում Արցախի խնդրի միակ լուծումը: Այսօր այս առումով պասիվություն է: Գուցե Նիկոլ Փաշինյանը մտափոխվե՞լ է և այսօր այլընտրանք չի տեսնում Սամվել Բաբայանի՝ Արցախը մանդատային տարածք դարձնելու առաջարկի՞ն:

Տեսանյութեր

Լրահոս