Բաժիններ՝

Բացահայտվել է Երևանում կատարված սպանության փորձը

Դեկտեմբերի 7-ին, ժամը 21.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց. 1-02 ահազանգած կինը, որ Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ է, հայտնել էր, որ որդուն դանակահարել են։ Օպերատիվ խումբը Ավետիսյան փողոց մեկնեց՝ տուժողի տուն։ 36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր կային։ Նախ պարզվեց, որ դեպքը տանը չէր եղել. տղամարդը դանակահարված վիճակում հասել էր տուն։

Մայրը, տեսնելով արնաքամվող տղային, անմիջապես ահազանգել էր 1-03 և 1-02։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները չկարողացան զրուցել տուժողի հետ։ Նա բժիշկների հսկողության տակ էր. ստացել էր մի քանի վնասվածք, այդ թվում՝ պարանոցի շրջանում։ Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերեցին դեպքի վայրը։

Միջադեպը տեղի էր ունեցել Վաղարշյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ։ Շուտով հայտնի դարձավ նաև մասնակիցների շրջանակը։ Տուժող տղամարդու և նույն թաղամասի բնակիչներից մեկի միջև կենցաղային առիթով վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ նա ստացել էր դանակի մի քանի հարված։ Կասկածվողը 36-ամյա տղամարդ էր՝ Ավետիսյան փողոցի բնակիչ։

Նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Արաբկիրի ոստիկանները նաև բացատրական աշխատանք տարան, որը արդյունք տվեց։ Կեսգիշերին մոտ կասկածվողը եկավ բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։

36-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս