ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը 72-ից կրճատվել է մինչև 48 ժամ. «Ռոսպոտրեբնադզոր»
«Ռոսպոտրեբնադզոր»-ը դեկտեմբերի 8-ից կրճատում է կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը՝ 72-ից հասցնելով 48 ժամի: Այդ մասին վկայում է պետական սանիտարական գլխավոր բժիշկ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի որոշումը։
«Բացասական լաբորատոր հետազոտության գործողության ժամկետը, որն անցկացվում է ՊՇՌ մեթոդով, կազմում է 48 ժամ՝ սկսած COVID-19-ի լաբորատոր հետազոտության արդյունքի ժամանակից»,-ասվում է որոշման մեջ, որը դեկտեմբերի 7-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Փաստաթղթի համաձայն, այս առաջարկությունն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 8-ից. ավելի վաղ թեստերի գործողության ժամկետը կազմում էր 72 ժամ:
Անցած շաբաթ Աննա Պոպովան հայտարարել է, որ ՊՇՌ-թեստերի գործողության ժամկետի կրճատման մասին որոշումն ընդունվել է ՌԴ-ում կորոնավիրուսի օմիկրոն շտամի՝ ՌԴ-ում տարածման ռիսկի ֆոնին: Որոշման մեջ նաեւ մատնանշվում է, որ COVID-19-ով հիվանդի հետ շփում ունեցած անձից կենսաբանական նյութի առումը տեղի է ունենում կլինիկական այն ախտանշանների ի հայտ գալու դեպքում, որոնք նման են կորոնավիրուսին: Նոյեմբերի 17-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը հայտարարել է, որ ՌԴ-ում սուր շնչառական վիրուսային վարակի նշաններ ունեցող քաղաքացիները պարտադիր կարգով կորոնավիրուսի թեստ են հանձնելու:
Կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակը, որն ԱՀԿ-ում անվանել են հունական «օմիկրոն» տառով, հայտնաբերվել է ոչ միայն Աֆրիկայի հարավում, այլեւ Հոնկոնգում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»:
Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ: Ռուսաստանում ներկա դրությամբ հաստատվել է օմիկրոնով վարակման երկու դեպք, երկու քաղաքացիներն էլ վիրուսը բերել են ՀԱՀ-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: