«Այդ տղայի հետ քաշքշուկ էր, գրկել, տարել եմ դռան մոտ ու ասել եմ՝ եղբա՛յր, այստեղով շուտ գնա». Սիսակ Գաբրիելյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Անկեղծ ասած՝ մանրամասներին չեմ տիրապետում զուտ այն պատճառով, որ եթե դուրս գանք այդ մեդիավերնագրերից, անկեղծ ասած, չեմ եղել այդտեղ: Ցավում եմ, որ չեմ եղել, գուցե փորձեի ինչ-որ բան կանխել: Ես հասել եմ այն պահին, կարծես թե դուք էլ էիք այդ պահին հասել: Անկեղծ ասած, չեմ ուզում այդ պահից ասել, մեկ պարզ պատճառով, որ չեմ հիշում՝ դաշնակցական երիտասարդնե՞րն էին, թե՞ ոչ, անձամբ իմ ձեռքն իրենց մեկնել եմ, ջանով-ջիգյարով ասել եմ՝ տղերք ջան, գնացեք, խնդիր չկա: Երեկ մի քիչ վատառողջ էի, գնում էի ԱԺ նախագահի մոտ, որ ասեի, եթե քվեարկելու բան չկա, գնամ տուն, հասա այն պահին, որ մի տղա էր, որի հետ քաշքշուկ էր, ընդամենն իրեն գրկել եմ, տարել եմ դռան մոտ, ասել եմ՝ եղբայր, այստեղով շուտ գնա:
Չեմ կարող ասել, որ նրան ծեծում էին, որովհետև երբ հասա, արդեն այդ նեղ միջանցքն էր, 30-40 դժվար է ասել, մի 10 հոգի ամեն դեպքում կային, անվտանգության աշխատակիցներն էլ էին: Բնականաբար, տհաճ միջադեպ էր: Լրատվականները գրում էին, որ ես էլ եմ եղել, նորից եմ ասում՝ ցավում եմ, բայց ես այնտեղ չեմ եղել»,- կցկտուր տեղեկություն փոխանցեց Սիսակ Գաբրիելյանը:
Պատգամավորն այդպես էլ չմանրամասնեց, թե ինչ էր եղել, որ դաշնակցական երիտասարդների հետ էր ձեռք սեղմել ու ջան-ջիգյարով բաժանվել, ինչո՞ւ չի ցանկանում անդրադառնալ այդ մանր ու կենցաղային խոսակցություններին:
«Ցանկացածի հետ նման բան կարող է պատահել, հիմա կարող է պատահաբար իմ ոտքը տրորեք, կամ ես՝ Ձերը, իմ և Ձեր միջև լինեն խոսակցություններ, հետո իրարից ներողություն խնդրենք ու գնանք: Ասում եմ՝ դատապարտում եմ, ցավալի միջադեպ է, անկախ նրանից՝ ով ուզում է լինի»,- հավելեց ՔՊ խմբակցության անդամը:
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մինչև լրագրողների հետ զրույցը խոսել է Արծվիկ Մինասյանի հետ, հասկանալու համար, թե ինչից է ծագել վեճը, միևնույն ժամանակ շեշտելով սեփական տեսակետը, թե միջադեպը չէր կարող ծագել այն կենցաղային խնդրից, որի մանրամասները չներկայացրեց:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում