Ալեն Սիմոնյանը, Ալիևի հետ միասին, ձեռք ձեռքի տված ոտնահարում է բոլոր այն նորմերը, որոնք շարադրված են միջազգային կոնվենցիաներով․ Լարիսա Ալավերդյան
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը չի համապատասխանում իր զբաղեցրած բարձր պաշտոնին։ Իրավապաշտպանն այս տեսակետը հայտնեց՝ անդրադառնալով ԱԺ նախագահի՝ գերիների մասին հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին:
«Դա գուցե «հպարտ» քաղաքացի Ալեն Սիմոնյանի վերաբերմունքն է այդ անձանց․ այո՛, քաղաքացի Ալեն Սիմոնյանի համար գոյություն չունեն այդ գերիները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ երեկ տելեգրամ ալիքներից մեկը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ էր գաղտնազերծել, որում վերջինս ինչ-որ զրույցի ընթացքում նշում էր, թե իր համար գերիները չկան, որ գերիները դասալքություն են արել։
Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ միայն Ստալինի ժամանակ է հատուկ հրաման եղել գերեվարված անձանց վերաբերյալ, և պատերազմի ավարտից հետո գերությունից վերադարձածներին անմիջապես ուղարկել են Սիբիր․
«Այսինքն՝ դա այն վերաբերմունքն է, որը տոտալիտար իշխանությունը ցուցաբերում էր գերի ընկած մարդկանց։ Ինչ վերաբերում է այս անձին, ապա նա, Ալիևի հետ միասին, ձեռք ձեռքի տված բացարձակապես ոտնահարում է բոլոր այն նորմերը, որոնք շարադրված են Միջազգային մարդասիրական իրավունքի կոնվենցիաներով։
Ամենամղձավանջային երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որի զինվորները հայտնվել են գերության մեջ, կարող է այդպիսի հայտարարություն անել»։
Հարցին՝ արդյո՞ք նման հայտարարությունների պատճառը նաև այս հարցի շուրջ գերեվարված և անհետ կորած զինծառայողների մի շարք հարազատների որդեգրած կեցվածքն է, իրավապաշտպանը պատասխանեց․
«Արդեն երկար ժամանակ գերության մեջ գտնվողների ծնողները կարծես իրենց ձայներով ավելի շատ դատապարտում են ընդդիմությանը՝ ասելով, թե նրանք հարցը քաղաքականացնում են։
Ես պետք է խոստովանեմ՝ իրենց հետ միասին ցավում եմ իրենց ցավով, բայց եթե ծնողները չեն հասկանում, թե ով է իրականում հանձնել իրենց որդիներին, ուղղակի հանձնել՝ տարածքների հետ միասին, և ով է նրանց դարձրել քաղաքական, կամ առավել վատ՝ առևտրի առարկա, իրենք շատ վատ ծառայություն են մատուցում իրենց որդիներին՝ առնվազն նրանց, որոնք ողջ են, և անգամ նրանց, որոնք չկան, և գոնե մարմինները պետք է վերադարձվեն։
Ես չեմ ընդունում այդպիսի կուրությունը, կարճատեսությունը, երբ չեն տարբերակում, թե ով է Ալիևին հանձնել ուղղակի դեռ ողջ և իրենց տեղերում կռվող տղաներին»։
Նա նկատեց, որ Ալեն Սիմոնյանը հենց նման հայտարարությունների համար է զբաղեցրել այդ պաշտոնը, իսկ հայտարարություններն էլ ամբողջովին համաձայնեցված են իրենց խմբի ղեկավարի հետ։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գերիների մասին հարցադրմանը՝ նշել էր, թե ժամանակն է՝ պատշաճ հետաքննվի գերեվարման յուրաքանչյուր դեպք: Նա նաև հավելել էր, որ զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն:
Սա իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը որակել էր՝ «խորը անգրագիտություն է և միջազգային մարդասիրական նորմերի բացարձակ չիմացություն»։