
Գործատուն կկարողանա նաև աշխատանքից ազատել պատվաստման կամ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատակցին. նախագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով էլ ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 55 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայն:
Այսպիսով, ըստ նախագծի, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: