«Ռոբերտ Քոչարյանին էլ մեկ ու կես տարի բանտում պահեցիք։ Ե՞վ… Շարունակում եք, չէ՞, անունը լսելիս դողէրոցքի մեջ ընկնել»․ Համարձակության կոչ՝ ՔՊ-ականներին

Աղվան Վարդանյանի հայտարարությունը, որը պիտի հնչեր 2021թ. դեկտեմբերի 7-ի Ազգային ժողովի նիստում

Երեք ու կես տարի իշխանություն եք։ Դուք՝ ձերոնցով։ Նաեւ ամենանախկիններով։ Բացարձակ իշխանություն։ Արդյունքը՝ մահաբեր ու չարագուշակ։ Չեմ թվարկելու՝ ինչ եք արել։ Իմաստ չկա։ Դժվար է խոսել մարդկանց հետ, ում ուղեղը կառավարվում է մի կետից։ Այդ կետն էլ ազգային-պետական մտածողությունից, բարոյական-հոգեւոր արժեքներից, տղամարդկային արժանապատվությունից կիլոմետր/ժամերով հեռու է։

Մի նպատակ ունեք՝ իշխանություն։ Խոսել բարձր բաներից, բայց հետեւողական ոչնչացնել դրանք։ Բայց մի բան չեք հաջողել ու չեք հաջողելու։ Ասել եք՝ մարդը բարձրագույն արժեք է ու ամեն բան արել եք, որ ոչնչացնեք մարդուն։ Պատիվ ունեցող սպային, մտածող, ինքնուրույն անհատին, հեղինակությանը, տղամարդուն։ Այստեղ ձեր վերջի սկիզբն է։ Այդ անել ոչ ոք չի կարողացել։

Արմեն Չարչյան, Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Մենուա Հովսեփյան, Աշոտ Մինասյան։

Այս մարդիկ կալանավայրում են, քանի որ ձեզ նման չեն մտածում։ Արմեն Չարչյանը հազարավոր մարդկանց առողջություն է պարգեւել, հարյուրավոր զինվորների վիրահատել, ձեզ նման այս Ազգային ժողովի պատգամավոր է։ Վերջին ստահակը պիտի լինես, որ քաղաքական դրդապատճառով, բացարձակ անհիմն այդ  մարդուն բանտում պահես ամիսներ շարունակ։

Առուշ Առուշանյանին Գորիսը երկու անգամ քաղաքապետ է ընտրել։ Բանտում էլ է հաղթել ձեզ։

Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը նույնպես ձեզ նման պատգամավոր են, նույնպես Սյունիքի քաղաքապետեր։ Մանվել Փարամազյան՝ Սյունիքից, Քաջարանի քաղաքապետ, Մենուա Հովսեփյան Գորիսի փոխքաղաքապետ, Աշոտ Մինասյան՝ երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի  հրամանատար։

Պարզ հարց եմ տալիս. Սյունիքը ավելի պաշտպանված կլինե՞ր, եթե այս մարդիկ Սյունիքում, իրենց տեղում լինեին, թե՞ բանտում։ Մի վայրկյան անջատվեք կառավարման ուղղահայացից։ Որպես բանական մարդ անկեղծ պատասխանեք այդ հարցին։ Ոչ բարձրաձայն, ձեր մտքում պատասխանեք։ Մի վախեցեք, ոչ ոք չի լսի։

Ես հույս ունեմ, որ ձեզանից շատերը դեռ կարող են մտքում ինքնուրույն մտածել։ Իմացեք՝ փորձելով ոչնչացնել մարդուն, դուք ոչնչանում եք իբրեւ մարդ։

Այս ուժեղ մարդիկ բանտերից դուրս են գալու։ Դուք ի՞նչ եք անելու։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էլ մեկ ու կես տարի բանտում պահեցիք։ Ե՞վ… Շարունակում եք, չէ՞, անունը լսելիս դողէրոցքի մեջ ընկնել։ Փաստերը կան։ Զգուշացնում եմ՝ վախը ծանր հետեւանքներ է ունենում։

Այնպես որ, գոնե մտքում փորձեք ինքնուրույն մտածել։

Տեսանյութեր

Լրահոս