Աղաջանյանը նեղվե՞ց, որ Տիգրան Աբրահամյանն Ալիևի անցյալը հիշեցրեց
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարությանը, որտեղ նա Հայաստանից պահանջում է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը, և միայն այդ դեպքում կանգ կառնեն:
«Սա այն նույն Ալիևն է, ով արցախյան առաջին պատերազմի օրերին փախել էր դեպքերի էպիկենտրոնից և իր օրվա հաճույքներն էր անցկացնում Թուրքիայի տարբեր ժամանցային կենտրոններում:
Սա այն նույն Ալիևն է, ով 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների 4-րդ օրը հրադադար էր մուրում ռազմական գործողությունների դադարեցման համար։
Սա այն նույն Ալիևն է, ով 2016 թվականի աշնանը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Սա այն նույն Ալիևն է, ով խոստովանում էր, որ իր երազանքն է համարել Հայաստանին ծնկի բերելը, սակայն դա իրեն հաջողվել է միայն 2020 թվականին բարենպաստ պայմաններ ստեղծվելու պայմաններում»,- հիշեցրել է Աբրահամյանը և մանրամասնել, թե ի՞նչն է ստիպում Ալիևին Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի հետ խոսել սպառնալիքի, շանտաժի լեզվով։
«Հարցն ունի միանշանակ պատասխան։ Ադրբեջանի համար բարենպաստ իրավիճակ ձևավորվեց 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ երկրի ղեկը ստանձնեցին անձինք, որոնց հետևողական ջանքերով երկրում դոմինոյի էֆեկտով փլուզվեցին պետական ինստիտուտները, շրջանառության մեջ դրվեցին հայաստանցի-ղարաբաղցի, սևեր-սպիտակներ վտանգավոր թեզերը, ծավալվեց հակաղարաբաղյան շարժում, որը մեկը մյուսի հետևից կազմաքանդեց պետականության հիմնասյուները: Հայաստանի համար անվտանգություն ապահովող համակարգերը նպատակային ձևով շարքից հանվեցին, ընդ որում, փլուզվեց հասարակական համերաշխությունը, հայի ոգին, միասնությունը, համախմբվածության ողջ պոտենցիալը:
Այսօր էլ այս իշխանությունը հանրությանը կանգնեցրել է նոր աղետի շեմին, որտեղ մեր ժողովրդին առաջարկվում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու, ծնկի գալու կամ հանձնվելու միջև: Մեզ բոլորիս փորձում են համոզել, որ հայը ապրելու, պայքարելու հնարավորություն այլևս չունի, ու միակ տարբերակը հանձնվելն է: Այս իշխանությունն ընդամենը մեկ քայլ ունի անելու՝ թողնել և հեռանալ, առանց որի մեր պետականության վերականգնումը, ինքնիշխանության ապահովումը և մեր ժողովրդի անվտանգության ապահովումն անհնարին կլինի»,- ամփոփել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին վրդովվեցրել էր Տիգրան Աբրահամյանի այս ելույթը:
«Այսօրվա ելույթին, եթե մեկ բառով կարելի լինի բնութագրում տալ, ապա դա կլինի՝ սուտ, եթե երկու բառով՝ սուտ, սուտ, և կարելի է նույնիսկ երեք բառով նկարագրել՝ սուտ, սուտ, սուտ, և զրո հիմնավորվածություն ունեցող»,- նշել է նա՝ պատասխանելով Տիգրան Աբրահամյանի ելույթին, որում Էդուարդ Աղաջանյանի (դիջեյ Էդիկի) մասին բառ անգամ չկար:
Թե որտե՞ղ էր այստեղ սուտը: Այն, որ Ալիևը փախե՞լ է արցախյան առաջին պատերազմի ժամանակ, թե՞ որ 2016-ին Ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ միջնորդությամբ հրադադար մուրացել: Իշխող ուժի ներկայացուցիչը չի՞ կարդում Ալիևի հայտարարությունները, որի մասին անգամ մեկ-մեկ իրենց քաղաքական ղեկավարն է ասում: Ինչի՞ց է նեղվել Աղաջանյանը: Եվ մեկ էլ ծիծաղելի է, երբ ՔՊ-ական պատգամավորն է խոսում քաղաքական ղեկավարի պատվերով ելույթներ ունենալու մասին, երբ իրենց պատգամավորներից ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին երբեմն նախապես համաձայնեցված հարցեր են հնչեցնում իրենց շեֆին, որովհետև այդ պահին պետք է, որ Նիկոլ Փաշինյանը դրանից խոսի:
Ժողովրդական ասացվածք կա՝ դիմացինիդ մեջ տեսնում ես այն, ինչ ինքդ ես քեզնից ներկայացնում՝ շեֆի հաստատած տեքստեր կարդացող: