Փաշինյանի օրոք Շիրակի մարզում միայն երիտասարդների գերեզմաններն են ավելացել. Կարապետ Պողոսյան
1988 թվականի երկրաշարժն ավերեց Շիրակի մարզը՝ Սպիտակը, Լենինականը, Ստեփանավանը, Կիրովականը ու հարյուրավոր այլ բնակավայրեր:
Այդ ավերի հետևանքով 25000 մարդ զոհվեց, 19000-ը՝ դարձավ հաշմանդամ, իսկ ավելի քան 500.000 մարդ մնաց անօթևան:
Ավերիչ երկրաշարժից ուղիղ 30 տարի անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության արտագնա նիստ անցկացրեց Շիրակի մարզում՝ շիրակցիներին տալով հստակ խոստումներ, իսկ Կառավարության անդամներին՝ հստակ հանձնարարականներ։
«Մենք անընդհատ ասում ենք՝ աղետի գոտի, բնակարանային խնդիր, տնակային խնդիր, բայց չգիտենք, թե ինչի մասին ենք խոսում: Հետևաբար, ձևավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է. ձևավորել աղետի գոտի անունով փաթեթը և հստակ պարամետրերով, կոնկրետ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, ինչքան գումար և ժամանակ է հարկավոր այսօրվա ընթացիկ պրոցեսների համատեքստում այդ խնդիրը լուծելու համար»,- դիմելով Կառավարության անդամներին՝ ասել էր Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այս հանձնարարականից երեք տարի անց արձանագրված արդյունքների մասին, գյումրեցի հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանն ասաց.
«Տրված այս հանձնարարականների ուղղությամբ որևէ բան չի արվել։ Դա 2018 թվականի արտահերթ ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակում օգտագործվելու համար տրված հանձնարարական էր, որովհետև դրա կարիքը չկար էլ, քանի որ շատ հստակ վերլուծություն առանց այդ հանձնարարականի էլ կար Շիրակի մարզում տնակների, անհրաժեշտ գումարի, բնակարանների խնդրի, այդ խնդրի վերացման ուղիների վերաբերյալ։ Այնպես որ, դա Փաշինյանի հերթական սուտն էր՝ ընդամենը ժամանակ շահելու համար։ Եթե ուզում եք իմանալ, թե այս 3 տարիների ընթացքում ինչ է Փաշինյանն ավելացրել Շիրակի մարզում, ապա շատ կարճ կպատասխանեմ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք Շիրակի մարզում ավելացել են միայն երիտասարդների գերեզմանները։ Պատկերացնում եք՝ եթե Փաշինյանի իշխանությունը մեկ բնակարան գնած լիներ մեկ քաղաքացու կամ ընտանիքի համար, ի՞նչ աղմուկ բարձրացրած կլիներ, կհասցներ մինչև ՄԱԿ, ուստի կրկնում եմ՝ Փաշինյանը մեր մարզում ավելացրել է միայն 100-ից ավելի շիրիմներ»,- ասաց Պողոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում