Մի փոքր կայծ, և իրենք դեմ են դուրս գալու իշխանություններին. հոգեբան

«Սառույցը սկսում է շարժվել. քաղաքացիները սկսում են փոխել իրենց կարծր դիրքորոշումները և զգալ իրական զարգացումները»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների վերջին արդյունքներին՝ նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ վստահությամբ, որ հեղափոխական իներցիան աստիճանաբար կհաղթահարվի:

Ըստ հոգեբանի՝ ընտրությունները ցույց են տվել, որ մեծ տոկոս են կազմում քաղաքացիները, որոնք ուղղակի չեն գնացել ընտրության:

Ըստ նրա` վերջին ժամանակներում հանրային տրամադրությունների փոփոխությունը հուշում է, որ այդ չգնացածների մեջ առավել ճնշող մեծամասնություն են կազմում իշխանություններին դեմ մարդիկ, որոնք, սակայն, չեն կարողացել հաղթահարել իրենց ներքին վախերը:

«Մանավանդ փոքր համայնքներում դժվար է. մարդիկ իրենց միշտ տեսանելի են զգում, մտածում են, որ իրենք կարող են ճանաչելի դառնալ (թե ով` ում ընտրեց), հետո կարող են ինչ-ինչ խնդիրներ ունենալ: Այսինքն՝ որոշակի ներքին վախերի հաղթահարում էր հարկավոր՝ գնալ և ՔՊ չընտրելու համար:

Իմ կարծիքով՝ այստեղ մի փոքր կայծ, և իրենք դեմ են դուրս գալու իշխանություններին,- ասաց Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ այդ քաղաքացիները մեծամասամբ կոնֆորմիստներ են, իսկ կտրուկ դիրքորոշում ունեցողները փոքր տոկոս են կազմում,- Կախված իրադարձությունների զարգացումներից, թե կշեռքի որ կողմն է ավելի ծանրանում՝ այդ կոնֆորմիստական մասսան, որ ունի ներքին վախեր և չունի քաղաքական դիրքորոշում արտահայտելու համարձակություն, մասսայաբար հայտնվում է մյուս կողմում»:

Թեև ամփոփելով ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքները՝ նա որոշակի բեկում արձանագրեց, այդուահանդերձ նկատեց՝ իշխանությունը, որը զգում է իր մոտալուտ վախճանը, չի կարող համակերպվել իրերի այդ ընթացքի հետ:

«Վիրավոր գազանի սինդրոմ կարելի է ասել. մանավանդ այս իշխանությունը, որն այսքան ավերածություններ է արել և այսքան նարցիսային է՝ ինքնահավան, և պետական շահեր հետապնդելուց շատ հեռու, ակնհայտորեն զգալով, որ հողը գնում է ոտքերի տակից, կարող է առավել վտանգավոր դառնալ. այս իշխանությունների ամեն օրը կարող է նոր աղետի պատճառ դառնալ»,- մանրամասնեց հոգեբանը:

Խոսելով դրական իմպուլսների մասին՝ նա հորդորեց չմոռանալ նաև «վախեցածների», աղետներից հետո զարմանալիորեն այս իշխանությանն ընտրողների բանակի և իշխանության կողմից հնարավոր վտանգների մասին:

Տեսանյութեր

Լրահոս