«Բարոյականությունից զուրկ հայտարարություն ու գնահատական է». Սեյրան Օհանյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունների հայտարարությունները պահի հետ պայմանավորված և յուրաքանչյուր դեպք՝ լինի մարտական գործողություն, խոշոր օպերացիա, զոհ, գերեվարման միջադեպ, պետք է դառնա քննության առարկա և պարզվի, թե ինչպես են այդ դեպքերը տեղի ունեցել:

«Քննության առարկա դառնալուց բացի, նաև քրեական գործեր են հարուցվում, մանավանդ որ այստեղ գոյություն ունի հակառակորդի կողմից ագրեսիա, ուժի կիրառում խաղաղ բնակչության, նաև զինվորականների նկատմամբ:  Այս պարագայում, կարծում եմ՝ բարոյականությունից զուրկ հայտարարություն ու գնահատական է դա, թող պատկան մարմինները պարզեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ «գերի հանձնված բոլոր զինվորներն ու սպաները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Սեյրան Օհանյանը պատկան մարմիններին խորհուրդ տվեց ուսումնասիրել Զինված ուժերի համազորային կանոնադրությունը, նաև զինված հակամարտությունների օրենքը, որտեղ մարդասիրական իրավունքների ներքո գործողություններ կան այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք գերվարված են: Հետևաբար՝ գերիների վերաբերյալ յուրաքանչյուր արտահայտություն չափազանց զգույշ պետք է լինի:

«Մենք նախաձեռնել էինք գերիների, պատանդների և անհայտ կորածների ճակատագրերի ուսումնասիրման համապատասխան նիստ, այն փակ ձևաչափով տեղի ունեցավ, բայց մենք դեմ էինք այդ ձևաչափին, քանի որ հանրային հետաքրքրություն ունեցող հարցերը պետք է քննարկվեն բաց տեքստով: Ինչպես միշտ,  նիստին ներկայացել էին ոչ քաղաքական դեմքեր, եթե մենք առաջարկում ենք, որ նման նիստերին գան առաջին դեմքերը և նրանց հետ իրականացվի այդ քննարկումները, ուրեմն՝ դրա հիմքերը մենք ունենք: Պատերազմից մեկ տարի է անցել և այս ընթացքում չի ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի գերիների, անհայտ կորածների ու պատանդների հարցերով: Օգոստոսի 30-ին հանդիպում կազմակերպվեց շուրջ 40 գերիների, անհայտ կորածների հարազատների հետ, և այդ քննարկումների ընթացքում եկանք այն եզրակացության, որ մասնակի ու հատվածական աշխատանքներ տարվում են, սակայն միջգերատեսչական համադրում չի կատարվում»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս