«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում՝ քանի ինքը կա, Արցախին հայանպաստ լուծում չի լինելու». Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի հիմնախնդրին, նաև արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չկա Արցախի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, այլ կա լուծում:

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, քանի դեռ ինքը կա, Արցախին հայանպաստ լուծում չի լինելու: Վերջերս եմ Արցախում եղել ու ունեցել եմ տարբեր հանդիպումներ: Առնվազն Արցախի արտաքին գործերի նախարարության, Արցախում գործող բազմաթիվ քաղաքական ուժերի  մակարդակով հստակ հայտարարվում է  Արցախի կարգավիճակի, անկախության անհրաժեշտության մասին:  Այս իշխանությունը դրությունը  բերել-հասցրել է մի իրավիճակի, երբ թշնամին Վարդենիսից, Սյունիքից  մտել է ՀՀ տարածք, և Հայաստանի պաշտպանությունն են արդեն ձեռքբերում ներկայացնում:  Թշնամին մտնում է մեր հայրենիք, 5-6 դիրք վերցնում է, եթե մեկին հետ են ուղարկում, դա ներկայացնում են մեծ ձեռքբերում: Այս իմաստով, այո, հասել ենք նրան, որ Արցախի հարցն այսօր ՀՀ իշխանության օրակարգում դարձել է երկրորդական»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ ընդդիմությունը մի քանի հայտարարությունների նախագծեր է բերել ԱԺ, սակայն խորհրդարանական մեծամասնությունը հայտարարում է, թե քաղաքական հայտարարություններ են անում: Հետևաբար՝ հարց է առաջանում՝ եթե քաղաքական ուժ են, ի՞նչ հայտարարություն պետք է բերեին ԱԺ:

«Աբսուրդը հասնում է այստեղ, որ ասում են, թե քաղաքական հայտարարություն եք բերել, բա ԱԺ-ում ի՞նչ հայտարարություն պետք է անեն: Ասում են՝ ներքին կյանքին վերաբերող դրույթներ կան, բա ի՞նչ էին կարծում»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս