
ԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը

ԱԺ–ն մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։
Թ․ Թովմասյանն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:
«Նշված կարգավորումը անհրաժեշտություն էր, քանի որ մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին այն, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ, և ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է վերադառնա և 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենա կարգավորելու իր առողջական խնդիրները, հնարավոր է նա, ընդհուպ մինչև մեկ ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում, օրինակ՝ ՄՌՇ հետազոտության հերթի մեջ լինի»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը պետական բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն և խնդիր չի առաջացնում։
Հարակից զեկուցողը՝ հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ փոփոխությունները քննարկվել են մանրամասն գլխադասային հանձնաժողովում և բացասական եզրակացություն տվել տվյալ նախագծին, որովհետև փաստացի այդ արտոնությունները Կառավարության ծրագրերով և որոշումներով արդեն իսկ տրվում են զինծառայողներին։
«Այլ հարց է, որ կարող ենք քննարկել ընդլայնելու շրջանակները, մեծացնելու ծավալները, ուստի կոչ եմ անում քվեարկել դեմ»,- ընդգծեց Գաբրիելյանը։
Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը: Կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն էր տվել: