«Ասե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը». Ալիևը դարձյալ սպառնալից հայտարարություն է արել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանից ժամկետներ է ակնկալում ստանալ, թե երբ կգործարկվի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»:
«Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը, և մենք կդադարեցնենք: Այսօր նույնն եմ ասում: Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»,- Ալիևին մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Վերջինս հավելել է, որ իրենք «ինչին ուզում են հասնել, հասնում են»: «Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով, բանակցությունների և փոխըմբռնման եղանակով»,- նշել է Ալիևը: