Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակել է մնալ ծայրահեղ ծանր
Ադրբեջանում գործող «Պաշտպանության գիծ» հասարակական կազմակերպության ամենամսյա հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը նոյեմբեր ամսին շարունակել է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում քաղաքական ազատությունները չեն հարգվում, չկա հավաքների իրական ազատություն, խոսքի և արտահայտվելու, խղճի, մամուլի և տեղեկատվության ազատություն։
«Անօրինական պատիժները, քաղաքական դրդապատճառներով վարչական կամ քրեական հետապնդումները, խոշտանգումները, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը իրավապահ մարմիններում, հատկապես ոստիկանությունում, մեկուսարաններում և քրեակատարողական հիմնարկներում շարունակում են սովորական երևույթ մնալ: Մասնավորապես, քաղաքական բռնաճնշումների պատճառով արտագաղթած և հետո արտերկրից վերադարձած ակտիվիստները՝ Մութալիմ Օրուջևը և Մալիք Ռզաևը, ենթարկվել են քրեական հետապնդման՝ շինծու մեղադրանքներով։ Նրանց խոշտանգել են՝ «խոստովանություններ» կորզելու նպատակով»,-արձանագրված է կազմակերպության զեկույցում:
Հասարակական կազմակերպությունը պահանջում է, որ վերջ տրվի նման ապօրինություններին:
«Անհրաժեշտ է ապահովել բոլորի իրավահավասարությունը օրենքի և դատարանի առջև, վերացնել պետական մարմինների խոչընդոտներն ու միջամտությունը հավաքների, խղճի, խոսքի և արտահայտվելու ազատությանը։ Խոշտանգումների փաստերը պետք է հետաքննվեն հատուկ մանրակրկիտությամբ, իսկ մեղավորները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է կազմակերպության զեկույցում: