Բաժիններ՝

BRICS-ի երկրները ՀԱՀ-ին օգնություն են առաջարկել օմիկրոն շտամի դեմ պայքարի գործում

BRICS-ի երկրները (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, ՉԺՀ) քննարկում են այդ միավորման մեջ մտնող Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) համար օգնության համատեղ փաթեթի տրամադրումը կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին դեկտեմբերի 6-ին հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով BRICS-ի միջազգային համաժողովի տնօրեն Պուռնիմա Անանդին:

«BRICS-ի երկրները պատրաստ են աջակցել Հարավային Աֆրիկային նոր շտամին վերաբերող բոլոր հարցերում, լինի դա՝ հետազոտություն կամ դեղամիջոցների մատակարարում: Կարեւոր է կասեցնել օմիկրոնը, քանի դեռ ուշ չէ: Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը պատրաստ են ակտիվորեն օգնելու ՀԱՀ-ին, այժմ ընթանում է այդ հարցի գործնական լուծման քննարկում»,-Անանդը հայտարարել է հրատարակության հետ զրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Հնդկաստանն արդեն բժշկական սարքավորումների եւ Covishield պատվաստանյութի խմբաքանակ է պատրաստել Հարավ-Աֆրիկյան Հանրապետության համար, եթե նման օգնության կարիք լինի, ճշտվում է հոդվածում: Թերթը հիշեցնում է, որ ՀԱՀ-ում, որտեղ այժմ դիտվում է կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի բռնկում, COVID-19-ի դեմ լիովին պատվաստում է ստացել բնակչության 24 տոկոսը: Դրա հետ մեկտեղ Եվրոպայում պատվաստման միջին ցուցանիշը 54 տոկոս է:

Մինչդեռ նոյեմբերի վերջին նոր շտամի տարածումից վախեցած Հարավ-Աֆրիկյան Հանրապետության բնակիչներն սկսել են զանգվածաբար պատվաստվել. մեկ օրում պատվաստվում է 160 հազարից ավելի մարդ, գրում է «Իզվեստիա»-ն:

Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, անցած շաբաթվա վերջին, Կրեմլի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են՝ ջանքերը միավորել COVID-19-ի դեմ պայքարի գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս