
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Քաթար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Քաթար: Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանի հետ Դոհայում են գտնվում նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, Առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, Նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը, կրոնական հարցերի դեպարտամենտի ղեկավար Ալի Էրբաշը։
Նշվում է, որ առաջնորդների մակարդակով հանդիպմանը քննարկվելու է Թուրքիա-Քաթար հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Աֆղանստանի, Սիրիայի եւ Լիբիայի շուրջ։
Տեղի է ունենալու նաև Թուրքիա-Քաթար բարձր ռազմավարական կոմիտեի 7-րդ հանդիպումը, որը նախագահելու են Էրդողանն ու Ալ Սանին:
Հանդիպման շրջանակներում ստորագրվելու են տարբեր պայմանագրեր։