Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Լևինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Լևինին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթական, տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցերին:

«Սկոլկովո» կառավարման դպրոցի ռեկտորը նախագահ Սարգսյանին է ներկայացրել հայաստանցի գործընկերների հետ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև դպրոցի գործունեության ուղղությունները, որոնք ընդգրկում են նաև թվային տրանսֆորմացիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական ու կայուն զարգացման ոլորտները:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման մտադրությունները՝ կարևորելով ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի գիտակրթական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Նախագահ Սարգսյանը «Սկոլկովո» կառավարման դպրոցի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս