Տեղի է ունեցել Ավստրիայի նոր կանցլերի պաշտոնակալման արարողությունը
Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը դեկտեմբերի 6-ին վարել է նոր կանցլեր Կառլ Նեհամերի պաշտոնակալման արարողությունը։
Արարողությունն անցկացվել է դեկտեմբերի 6-ին դաշնային նախագահի դիվանատանը:
Դեկտեմբերի 3-ին Ավստրիայի ՆԳ նախարարության ղեկավար Նեհամերը հայտարարել է, որ միաձայն նշանակվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ եւ միաժամանակ երկրի նոր կանցլերի պաշտոնի թեկնածու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրյակին Սեբաստիան Կուրցը, որը 2017 թվականից զբաղեցնում էր ԱԺԿ-ի նախագահի պաշտոնը, հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները: Հոկտեմբեր ամսին նա կանցլերի պաշտոնը թողել էր հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին: Քաղաքական գործիչը նշել է, որ դեկտեմբերի 3-ին իր լիազորությունները կփոխանցի ԱԺԿ-ի ղեկավարին:
Կուրցի հայտարարությունից անմիջապես հետո Ավստրիայի ներկայիս կանցլեր Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարեց լիազորությունները վայր դնելու պատրաստակամության մասին՝ համոզմունք հայտնելով, որ կուսակցության նախագահի եւ կառավարության ղեկավարի գործառույթները պետք է կենտրոնացված լինեն մեկ ձեռքում: Ավելի ուշ ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարեց Հեռնոտ Բլյումելը՝ Կուրցի զինակիցը: Խոստանում է թափուր դառնալ նաեւ կրթության նախարարի պաշտոնը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Ավստրիայի ֆինանսների նախարարությունը պետք է գլխավորի Մագնուս Բրուները, ներքին գործերի նախարարությունը՝ Գերհարդ Քառները, կրթության նախարարությունը՝ Մարտին Պոլաշեկը: Նրանք բոլորը Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: