Փաշինյանն այլևս հանրային այդ ընկալումը բացարձակ չունի. Զարուհի Փոստանջյան
«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ, պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով Փաշինյանի այս գրառմանը՝ նշեց. «Իր տագնապալից վիճակը փորձել է այդ գրառման միջոցով հայտնել: Այդ հիմնավորումները ոչինչ չեն տա: Ինքն այլևս հանրային այդ ընկալումը բացարձակ չունի»:
Խոսելով Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորման մասին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց.
«Սյունիքի հանձնման պայմանավորվածությունների համար շատ կարևոր էր Գորիս, Սիսիան հատվածը: 21կմ հատվածից մենք չենք կարողանում օգտվել՝ դա հանձնվել է թուրքին, բավականին գյուղեր մեկուսացված վիճակում են՝ օրինակ, Ծավ պետք է գնան ոչ թե Կապանով, այլ Մեղրիով: Հետևաբար՝ մենք հասկանում ենք, որ որոշ մաս արդեն ի կատար ածված է, բայց կարևոր մաս կա, դա Սիսիան-Գորիս հատվածն է, որով թշնամին ուզում է ճանապարհ բացել դեպի Նախիջևան: Հետևաբար, խոչընդոտ հանդիսացող բոլոր անձինք, այդ թվում՝ նաև երևելի սիսիանցիները, ովքեր ընդդիմացել են, փորձել են կազմակերպված դիմադրություն ցույց տալ, այդ մարդիկ պետք է գտնվեն բանտախցում, որին ականատես եղանք»: