Հունիսի 20-ից հետո Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները նվազել են 18 000-ով, Աբովյանում ու Վեդիում՝ գրեթե կրկնակի․ խոշոր քաղաքների ամփոփ տվյալները. tert.am

Երեկ Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Համայնքների մի մասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։

Այդ համայնքների մեծ մասում ՔՊԿ-ն հաղթել էր 2021-ի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Tert.am-ը համեմատել է մի շարք խոշոր համայնքերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները հունիսին և դեկտեմբերին։

Քանի որ ՏԻՄ ընտրությունները խոշորացված համայնքներում էին, Tert.am-ը իշխող քաղաքական ուժի ստացած ձայները առանձնացրել է միայն քաղաքային համայնքներում՝ համեմատելով դրանք խորհրդարանական ընտրություններում նույն քաղաքներում ՔՊ-ի ստացած ձայների հետ։

Այսպիսով՝ Մասիս քաղաքում 2021-ի ԱԺ ընտրություններում քվեարկությանը մասնակցած 8941 ընտրողներից ՔՊ-ի օգտին քվեարկել էր 4648 ընտրող։ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում Մասիս քաղաքում քվերակությանը մասնակցել է 7319 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քվեարկել է 2557-ը։

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում հունիսի 20-ին քվեարկությանը մասնակցել է 44 597 ընտրող, որոնցից Քաղպայմանագրի օգտին քվեարկել է 25 985 ընտրող։ Երեկվա ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքում քվեարկությանը մասնակցել է 30 482 ընտրող, ՔՊ օգտին քվեարկել է 7227 ընտրող։ Այսինքն՝ քվեարկության մասնակիցների թիվն ավելացել է շուրջ 5000-ով, ՔՊ օգտին քվեարկողների թիվը՝ նվազել ավելի քան 18 000-ով։

Արարատի Վեդի քաղաքում ԱԺ ընտրություններին մասնակցել է 5156 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քվեարկել է 2690-ը։ Երեկվա ՏԻՄ ընտրություններին այդ քաղաքում քվեարկել է 5169 քաղաքացի, որոնցից 1346-ն իր քվեն տվել է «Քաղաքացիական պայմանագրին»։ Այսինքն՝ ՔՊ-ի ձայները մի քանի ամսվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել են։

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ԱԺ ընտրություններին մասնակցել է 8692 ընտրող, որոնցից 5567-ն իր քվեն տվել է ՔՊ-ին։ ՏԻՄ ընտրությունների ընթացքում Գավառ քաղաքից մասնակցել է 8373 ընտրող, ՔՊ-ի օգտին քվեարկել է 1159 քաղաքացի։

Կոտայքի Աբովյան քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 21 618 ընտրող, նրանցից 9445-ն ընտրել է ՔՊ-ին։ Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին Աբովյանում մասնակցել է 15036 ընտրող, որոնցից 5293-ն իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագրին»:

 

Տեսանյութեր

Լրահոս