«Երևան ջազ ֆեստ 2021» միջազգային փառատոնը կեզրափակվի հանրաճանաչ թմբկահար Բիլլի Քոբամի համերգով
«Երևան ջազ ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնը, որը նվիրված է ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին, կեզրափակվի ճանաչված թմբկահար Բիլլի Քոբամի և նրա խմբի համերգով։ Երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ասաց, որ դեռ 2011 թվականին է ԱՄՆ-ում հանդիպել Բիլլի Քոբամին և մտածել՝ լավ կլինի, եթե արտիստը ելույթ ունենա նաև Երևանում:
Բիլլի Քոբամն էլ խոստովանեց, որ երկար է սպասել հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը և շատ ուրախ է: Շրջելով Երևանում՝ դրական տպավորություններ է ստացել քաղաքից:
Անդրադառնալով ջազի երկրպագուներին՝ երաժիշտն ասաց, որ նրանք ամեն տեղ տարբեր են: «Ըստ իս՝ ջազի սիրահարները բարձր մտավոր ունակությունների տեր մարդիկ են. նրանց մոտ զարգացած է քննադատական միտքը, իսկ ջազը մտածելակերպ է: Ջազն ու ջազի սիրահարները նման են տաբեր լեզուների: Օրինակ՝ հայտնի ջազային «My Funny Valentine» երգը տարբեր կատարումներ ունի: Հայաստանում այն մի կերպ են ներկայացնում, Ճապոնիայում մեկ այլ կերպ… Բազմազանություն կա: Ջազի սիրահարները ևս տարբեր են»,- ասաց նա:
Խոսելով ներկայիս ջազի մասին՝ երաժիշտը շեշտեց, որ ջազի երիտասարդ ներկայացուցիչները այլ կերպ են սկսել մտածել և երբեմն չեն անդրադառնում իրենց ակունքներին, չեն տեսնում, թե որտեղից են գալիս: «Հիմա ջազը շատ պոետիկ է դարձել նրանց կատարմամբ: Չեն փորձում ներկայացնել այն, ինչ ապրել, զգացել են որպես խումբ, այլ մատուցում են այն, ինչը զգում են որպես անհատ, իսկ մեր սերունդն ավելի հավաքական մոտեցում ուներ: Հիմա խոսվում է անցողիկ բաների մասին, և մնայուն արժեքներն ասես այդ տիրույթից դուրս են մնում: Մենք դասական ջազ ենք նվագում ու հիմնվում խմբի վրա»,- շեշտեց Բիլլի Քոբամը: