«Բրյուսելում կստորագրվի հայերիս համար ամենավտանգավոր փաստաթուղթը». Սերժ Սրապիոնյան
ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորել են նրա ընդդիմադիր կեցվածքի համար:
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է, նա մեղադրվում է մեծաքանակ զենք-ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի-սարքերի, դրանց տեղափոխման և պահման, ու նախնական համաձայնությամբ` ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման, իշխանության յուրացման համար։
«Եթե որևէ մեկը ժանգոտած որսորդական հրացան է հանձնում, հեռուստատեսությամբ մի քանի օր տարփողում են, եթե մեկի տանը մի զենք են գտնում և ձերբակալում են, տարփողում են. իսկ տանկերի մասին այդտեղ հայտարարություն կա՞ր, թե տանկեր էլ է տարել Աշոտ Մինասյանը, թե՞ չի տարել: Ես չէի զարմանա, որ ասեին, թե Աշոտ Երկաթը տարել է նաև ՍՈւ ինքնաթիռներ, որոնք արդեն հրթիռներ են ունեցել, տանկեր է տարել և նախապատրաստվել է հեղաշրջման: Որտե՞ղ են այդ զենքերը, ինչո՞ւ ցույց չտվեցին, ինչո՞ւ չեն ասում, թե այդ զենքերը որտեղից են հայտնաբերել և ով է տարել այդ զենքերն այդտեղ դրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Սերժ Սրապիոնյանը անդրադարձավ նաև Աշոտ Մինասյանի առողջական վիճակին. «Նա պարզապես կալանավորվելու ենթակա չէր, նրան տարել՝ փակել են, որ ի՞նչ անեն, որ իրենց քննություն բռնած փորձը հերթական անգամ կիրառեն, ես նկատի ունեմ գեներալ Մանվել Գրիգորյանին: Այս առողջության տեր մարդը սրանց կալանավորման պայմաններում երկար դիմանալ չի կարող առողջապես, և իրենք կազատվեն գլխից էլ, գլխացավից էլ: Բայց այդպիսի հույս թող չփայփայեն: Աշոտ Մինասյանը իր ապրած կյանքով այնպիսի մի հարգանք և այնպիսի մի միջավայր է ստեղծել, որ այդ միջավայրը ոտքի կկանգնի և թույլ չի տա, որ իրենց հայի իրական կերպար ընկերոջը պահեն այդպիսի անմարդկային վիճակում»:
Սյունիք կատարած այցից հետո ՄԻՊ-ի գրասենյակը արձանագրել էր, որ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն: Սերժ Սրապիոնյանը այս հայտարարության մեջ մի սխալ է գտել. «Դա այն է, որ միայն Ադրբեջանի նպատակային հակահայ քաղաքականության մասին է նշվում և չի նշվում այսօրվա Հայաստանի իշխանությունների՝ տարածքներ նվիրաբերելու պատրաստակամության մասին: Այս դեպքում միտքը արդեն ամբողջական կլիներ: Իշխանությունները միտումնավոր սահմանազատում տերմինն են դրել շրջանառության մեջ, որ տպավորություն ստեղծեն, թե սահմաններ չենք ունեցել, այդ սահմանները հիմա պետք է զատենք, մինչդեռ իրենց ղեկավարը ուղիղ հայտարարեց, որ միլիմետրերի ճշգրտությամբ գիտեն այդ սահմանները, բայց դրանք հայոց քարտեզագրության և պատմաբանների իմացած սահմանները չեն, այլ բանավոր պայմանավորված սահմաններն են»:
Անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նա ընդգծեց. «Բրյուսելում կտան հայերիս համար ամենավտանգավոր փաստաթուղթը, և այս մարդը գլուխը կախ կստորագրի, կգա: Այդ պաշտոնական ստորագրությունից հետո մեզ շատ դժվար կլինի վերականգնել մեր սահմանների նախնական վիճակը»: