ԱՄՆ «Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողով»-ը Թուրքիայի վերաբերյալ սկանդալային զեկույց է պատրաստել
ԱՄՆ «Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողով»-ն իր կողմից պատրաստված զեկույցում Թուրքիային մեղադրել է կրոնական փոքրամասնությունների շուրջ թշնամական քաղաքական միջավայր ստեղծելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական yeniakit.com.tr-ն:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը հանդուրժում է երկրի, ինչպես մահմեդական, այնպես էլ ոչ մահմեդական կրոնական փոքրամասնությունների դեմ ուղղված ատելության խոսքն ու բռնության ակտերը, և ընդգծվում, որ հատկապես Թուրքիայի հայ համայնքի և այլոց ահաբեկման ենթարկելու նոր ձևեր են ի հայտ եկել:
Շեշտված է, որ հայկական կրոնական ժառանգությունը վտանգի տակ է և ընդգծվում է, որ թուրքական կառավարությունը շարունակաբար միջամտել է կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին:
«2013 թվականից ի վեր Թուրքիայի կառավարությունը խոչընդոտում է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների խորհուրդների նոր անդամների ընտրության գործընթացին։ Այդ գործելաոճն, աստիճանաբար, նվազեցնում է նրանց (իմա.՝ խորհրդի անդամների) թիվը մահվան և հիվանդության պատճառով, մեծացնում է առօրյա աշխատանքային դժվարությունները, ինչպես նաև՝ վնասում է այնպիսի համայնքներին, ինչպիսին է, օրինակ, Հայ Առաքելական Եկեղեցին: Բացի այդ COVID-19 համավարակը և Լեռնային Ղարաբաղում պատերազմը նպաստել են հակահայկական դավադրություններին և բողոքի ցույցերին»,-ասված է զեկույցում։
Զեկույցում ընդգծված է նաև Թուրքիայում հակասեմականության աճը և ալևի համայնքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները։