Գլոբալ առումով մենք տեսնում ենք, որ ՔՊ-ն աստիճանաբար և բավականին արագ տեմպերով մերժվում է. Տիգրան Քոչարյան
«Առաջին ապտակը ՏԻՄ ընտրությունների ժամանակ չէր, այլ այն ժամանակ էր, երբ Գորիսում, Կապանում հաղթեցին ընդդիմադիր թեկնածուները: Այստեղ հոգեբանական շատ հետաքրքիր բան կատարվեց. Հայաստանում ՔՊ-ական լինելն ավտոմատ չի նշանակում՝ հաղթել ընտրություններում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Եթե մեկն ասի, որ Սևանի կամ Ջերմուկի քաղաքապետը, ընտրված համայնքապետերը ՔՊ-ական են, դա այնքան զավեշտալի է: Որովհետև Սևանի և Ջերմուկի դեպքում ՔՊ-ականն ուղղակի կողքից համոզել է, որ այս մարդը գնա այդ դաշինք: Օրինակ, Արմավիրը, որտեղ այլ թեկնածու չկար, և ՔՊ-ի թեկնածուն 85 տոկոսով հաղթեց: Զավեշտալի է, որովհետև ընտրության է եկել բնակչության 20 տոկոսը: Ամեն տեղ, որ փորենք, տեսնենք՝ որտեղ է ՔՊ-ի հաղթանակը եղել, տեսնում ենք, որ կա՛մ ընդդիմությունն այնտեղ թեկնածու չի առաջադրել, կա՛մ շատ ցածր հաճախելիություն է եղել, կա՛մ ՔՊ-ն առաջարկել է այն թեկնածուներին, որոնք առանց իրենց առաջարկելու էլ հաղթելու էին: Այսինքն, գլոբալ առումով մենք տեսնում ենք, որ ՔՊ-ն աստիճանաբար և բավականին արագ տեմպերով մերժվում է: Իրենք արդեն սկսել են պարտվել այն տեղերում, որտեղ պատկերացնում էին, որ միշտ անհաղթ են լինելու: Ամեն ինչ արեցին, որ Աբովյանում ՔՊ-ն հաղթի, բեսպրեդել էին սկսել՝ գումար էին բաժանում, մարդկանց վախեցնում, դպրոցի տնօրենն էին հանում, բայց ԲՀԿ-ն հաղթեց»,- նման կարծիք հայտնեց մեդիա փորձագետը:
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի գրառմանը:
«Հիմա հարց եմ ուզում տալ. ընկեր, Մասիսում արդար ընտրություննե՞ր ես ապահովել. քաղաքապետի աներոջը, եղբորը ձերբակալեց, Այնթափի համայնքապետին ձերբակալեց: Տարբեր մարզերում սկսեցին սոցիալական ինչ-որ բաներ բաժանել: Բա ընկեր, ասում էիր, այն ժամանակ ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն գումար էին բաժանում. բա դու ի՞նչ ես անում: Սոցիալական աջակցություն ես անում հենց ընտրություններից առա՞ջ ու անապահով մարդկանց սկսում ես մեծ գումարներ բաժանել. բա դա ընտրակաշառք չէ՞»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ-ն սկսել է օգտագործել նույն մեթոդները, ինչում ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ՀՀԿ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում