Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. հանդիպման հիմնական ձեւաչափը կդառնա երկու երկրների ղեկավարների անձնական շփումը։
Նախորդ անգամ Պուտինը եւ Մոդին հանդիպել էին 2019 թվականին՝ Բրազիլիայում անցկացված BRIKC-ի գագաթնաժողովի շրջանակներում. վերջին երկու տարում կորոնավիրուսի համավարակի պատճառով ղեկավարները կանոնավոր շփումները պահպանել են հեռավար ձեւաչափով: «Ղեկավարների միջեւ հարաբերությունների հատուկ դեմ առ դեմ ձեւաչափին ե՛ւ հնդկական կողմը, ե՛ւ մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս, քանի որ դա թույլ է տալիս բացեիբաց քննարկել միջազգային իրադրության ամենաբարդ, ամենանուրբ հարցերը»,- ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է Պուտինի՝ Հնդկաստան այցի նախաշեմին:
Նա ընդգծել է, որ «երկրների միջեւ բոլոր բանակցությունների միջուկը ղեկավարների անձնական շփումն է, եւ դա ապահովված է այցի ընթացքում»: Պուտինը Հնդկաստան կայցելի պատասխան այցով: Մոդին Ռուսաստան էր ժամանել 2019 թվականի սեպտեմբերին՝ մասնակցելու Արեւելյան տնտեսական համաժողովին: Ուշակովը պատմել է, որ ՌԴ նախագահի այցը պլանավորված էր վաղուց, եղել են նույնիսկ այցը 2020 թվականին իրականացնելու կոնկրետ պլաններ, սակայն ստեղծված բարդ սանիտարա-համաճարակային իրադրության պատճառով ամեն ինչ հետաձգվել է: Այս անգամ բանակցություններին կմասնակցի սահմանափակ կազմով պատվիրակությունը:
Ռուսական կողմից նախագահին կուղեկցեն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների փուլում նրանց կմիանա «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը: Ուշակովի խոսքով՝ ծրագրում պլանավորված է ճաշ, որը Մոդին կազմակերպելու է նախագահ Պուտինի պատվին. այն կանցկացվի դեմ առ դեմ ձեւաչափով: «Ղեկավարները կկարողանան քննարկել առավել նուրբ եւ, հնարավոր է, բարդ հարցեր, որոնք չեն հասցրել արծարծել պատվիրակությունների կազմով բանակցությունների ընթացքում»,-ասել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: