
Գեղանիստի թիվ 11/19 ընտրատեղամասում 1200 ընտրողներից մասնակցել են դեռևս 200-ը

Արարատի մարզի Գեղանիստ համայնքի թիվ 11/19 ընտրատեղամասում ընտրության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից այս պահին մասնակցել են դեռևս 200-ը: Այստեղ պայքարում են երկու քաղաքական ուժեր` «Դավիթ Համբարձումյան» դաշինքը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Մասիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սայեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են տեղի ունենում նաև Մասիս խոշորացված համայնքում։
Իշխող ուժի համամասնական ցուցակը գլխավորող` Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) տարածքային կառույցի ղեկավար Սայեն Հայրապետյանը նախկինում եղել է ՀՀԿ աջակից, իսկ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածու է եղել Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով:
Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է, որպես պատգամավորության թեկնածու այս տարվա հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակով, սակայն Մասիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իր անունը կրող դաշինքի ձևաչափով։
Հիշեցնենք նաև, որ այսօր ՀՀ թվով 7 մարզերի 36 համայնքներում ընթանում են ՏԻՄ ընտրություններ: