Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական կառույցներին
Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը Հալեպում հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ:
Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հալեպ նահանգում առկա սոցիալ-տնտեսական հարցերը, այդ թվում՝ հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև՝ նահանգի հետպատերազմյա վերականգնման աշխատանքների ընթացքը:
Դեսպան Գևորգյանը նահանգապետին տեղեկացրել է, որ Հալեպ է ժամանել Հայաստանի Հանրապետության՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի առաքելության հերթական՝ 8-րդ հերթափոխը: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հումանիտար առաքելության նախորդ հերթափոխերի աշխատանքների արդյունքում նահանգում ականազերծվել է ավելի քան 750 հազար քառակուսի մետր տարածք, վնասազերծվել է 580 միավոր պայթուցիկ սարք, իսկ առաքելության կազմում գործող հայ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նահանգի շուրջ 36 հազար բնակչի:
Նահանգապետ Դիաբը խորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին դժվարին այս շրջանում Սիրիայի ժողովրդին օգնության և բարեկամության ձեռք մեկնելու համար: Վերջինս պատրաստակամություն է հայտնել իր կողմից անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային ու մարզական միություններին և, առհասարակ, հալեպահայ համայնքին:
Հալեպ աշխատանքային այցի շրջանակում դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Հայաստանի հումանիտար առաքելության կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել առաքելության ղեկավարության, հումանիտար ականազերծում իրականացնող խմբի մասնագետների և բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ծանոթացել է կատարված աշխատանքների ծավալներին, ինչպես նաև՝ քննարկվել են Հալեպ նահանգում առաջիկայում իրականացվելիք գործառույթները: ՀՀ դեսպանը բարձր է գնահատել հումանիտար առաքելության ներկայացուցիչների մասնագիտական հմտություններն ու կարողությունները և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Այցի շրջանակներում Սիրիայում ՀՀ դեսպանը զրույց է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր (ընտրված Հալեպ քաղաքից), Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուսին Իսքենյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման և համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև հալեպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են համայնքի առջև ծառացած հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հյուպատոսական բնույթի բազմաթիվ հարցեր: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում վերջինիս աշխատանքների ակտիվացման և արդյունավետության բարձրացման խնդիրների վերաբերյալ: Տրվել են համապատասխան հանձնարարականներ: