
Ովքեր կարող են, բայց չեն ջանում ցավակից ու օգնական լինել իրենց ազգակիցներին, արժանի են դատաստանի

Ինչպես որ մարդու մարմինն է անդամներից՝ իբրև մասերից բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամներն ազգի բոլոր անհատներն են:
Եվ ինչպես որ մարմնի անդամներից մեկի հիվանդության պատճառով վշտանալու դեպքում մյուս բոլոր անդամները ջանում են դարմանում տալ ու բժշկել նրան, որպեսզի մահաբեր հիվանդությունն ամբողջ մարմինը չապականի, որով իրենք ևս կապականվեն, այդպես և ազգի հասարակության բոլոր անհատները պարտավոր են օգնական ու դարմանիչ լինել ձախողակի պատահարներով վշտացած ընկերոջ տկարությանն ու ցավերին, որպեսզի ախտը հետզհետե չտարածվի հասարակության մյուս բոլոր անդամների վրա. որովհետև ողջ ազգի տկարանալու և կործանվելու դեպքում անշուշտ կկործանվեն և իրենք:
Ուստի ովքեր կարող են, բայց չեն ջանում ցավակից ու օգնական լինել իրենց ազգակիցներին, արժանի են դատաստանի, որովհետև անհոգությամբ ամբողջ ազգի կործանման պատճառ են դառնում:
Ով իր հաջողության ժամանակ ձեռք չի մեկնում փորձության ենթարկվածներին, իր ձախորդության ժամանակ չի գտնի իրեն ձեռք մեկնող մեկի: