«Տիգրան Սահակյա՛ն, եթե դատական նիստի ժամանակ չեք կարողանում չքնել, գնացեք, Ձեր տանը քնեք». Միհրան Պողոսյան
«Այս քրեական գործը իշխանությունների համար տարբեր ուղղություններով քաղաքական շահեր սպասարկելու գործիք է ծառայել: 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ստորագրումից հետո իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը որևէ տեղ չէր կարողանում գնալ, Նիկոլ Փաշինյանն էլ չկար: Ու այստեղ առաջ եկավ Նիկոլ Փաշինյանի անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցը: Նիկոլ Փաշինյանի համար մի կոնկրետ ելակետ էր պետք, ինչից հետո իբր հիմնավորում կստեղծվեր անվտանգության աննախադեպ միջոցառումներ իրականացնելու համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով նրա կալանավորմանը:
Ըստ փաստաբանի՝ դա կատարվեց երկու դրվագի արդյունքում. մեկը Արարատ Միրզոյանի ծեծն էր, որը շահարկվեց իշխանությունների կողմից, և երկրորդ՝ դաշտ նետվեց այն փուչիկը, թե իբր որոշ անձինք նախապատրաստել են Նիկոլ Փաշինյանի սպանությունը:
«Ու էդ գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները միանգամից, առանց փաստական հիմքի գտան Աշոտ Մինասյանին: Այդ քրեական գործով դատավարական կարգավիճակ ձեռք բերեցին նաև Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը և Աշոտ Ավագյանը, թե իբր նրանք նախապատրաստել են Նիկոլ Փաշինյանի սպանությունը»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Նա նշեց նաև, որ դատական բոլոր ատյաններում արձանագրվել է, որ վարչապետի սպանության նախապատրաստություն, ինչպես նաև իշխանության յուրացման հանցակազմեր առաջադրված մեղադրանքում չկան:
«Աշոտ Մինասյանի դրվագով Սյունիքի մարզի որոշակի տարածքում, այսինքն՝ ռեստորանային համալիրի հարակից հատվածում, հայտնաբերվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Պետք է նշել, որ ռեստորանային համալիրը նախկինում պատկանել է Աշոտ Մինասյանի ընտանիքի անդամներին, իսկ հարակից տարածքի հետ առհասարակ երբևէ ոչ Աշոտ Մինասյանը, ոչ նրա ընտանիքը առնչություն չեն ունեցել»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն միանգամից այդ զենքն ու ռազմամթերքը կապում է Աշոտ Մինասյանի հետ:
Ըստ նրա՝ այս դրվագով ևս Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկած չէր արձանագրել, իսկ Վճռաբեկ դատարանը միայն զենքի մասով արձանագրել էր այն:
«Սակայն, քանի որ մինչ այդ խափանման միջոցի հիմքերը քննարկման առարկա չէին դարձվել, գործը բեկանվեց և ուղարկվեց 1-ին ատյանի դատարան: Այնտեղ նոյեմբերի սկզբներին ըստ էության քննարկվում էր նախորդ տարվա նոյեմբերի՝ քննիչի՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, ինչպես նաև այս մեկ տարվա ընթացքում նրա վարքագիծը»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանը նկատում է, որ այդ նիստի ժամանակ դատարանն անգամ հարց է ուղղել՝ արդյո՞ք ժամանակավրեպ չէ այս քննությունը:
«Ընդ որում, այդ դատական նիստի ընթացքում թե դատախազը, թե քննիչը պնդեցին, որ վերջին մեկ տարվա ընթացքում Աշոտ Մինասյանի կողմից ազդեցություն գործադրելու, թաքնվելու փորձի վերաբերյալ փաստի իրենք չեն տիրապետում»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ ի պատիվ դատարանի՝ նա գտավ, որ Աշոտ Մինասյանը կալանավորման ենթակա չէ, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչն էլ բավարարվել է դատավոր Տիգրան Սիմոնյանի կողմից:
«Սա Սյունիքը գլխատելու երկրորդ շրջանն է: Առաջինով համայնքային պաշտոնատար անձանց էին մեկուսացրել հանրությունից, երկրորդով փորձում են Սյունիքում քիչ թե շատ հեղինակություն ունեցող անձանց ազատազրկել»,- ասաց պաշտպանը:
Հարցին, ի վերջո, ի՞նչ հիմնավորում է դրել դատարանն իր որոշման հիմքում, Միհրան Պողոսյանը պատասխանեց՝ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, թեպետ այսօր այն ներկայացնելու վերջին օրն է:
«Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքում գրված է, որ Աշոտ Մինասյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի ու կկատարի նոր հանցագործություն ազատ մնալու պարագայում: Ընդ որում, սրա հիմնավորումը գլխավոր դատախազությունը դիտարկում է միմիայն նրանում, որ զենքերը մեծաքանակ են: Այսինքն՝ Աշոտ Մինասյանը կկալանավորվի, որովհետև հայտնաբերվել են շատ զենքեր: Աշոտ Մինասյանը կխոչընդոտի նախաքննությանը, որովհետև հայտնաբերված զենքերի քանակը խոսում է այն մասին, որ Աշոտ Մինասյանը տարբեր անձանցով կազմակերպել է դրանց պահումը: Աշոտ Մինասյանը կկատարի նոր հանցագործություն, որովհետև հայտնաբերված զենքերի տեխնիկատակտիկական բնութագրիչներն այնպիսին են, որ դրանցով հնարավոր է կատարել նոր հանցագործություն»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ օբյեկտիվորեն ներկայացնում է այն, ինչ գրված է դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքում:
Դատախազությունը, ըստ պաշտպանի, իր վերաքննիչ բողոքում որպես կալանավորման հիմք՝ նշել է զենքերի մեծաքանակ լինելը:
«Հիմա Տիգրան Սիմոնյանը ուր էլ տանի ու բերի, չի կարող այս հանգամանքներից դուրս որևէ բան անել, հակառակ դեպքում ինքը կկատարի լիազորությունների վերազանցում: Դրա համար այս հիմքերի շրջանակում ինչ որոշում էլ որ կայացնի Տիգրան Սիմոնյանը, ոչ միայն հակաօրինական է լինելու, այլև հակատրամաբանական»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Անդրադառնալով դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներին, Միհրան Պողոսյանն ասաց, որ իր համար ամենաաբսուրդայինն այն է, որ որևէ մեկին այս առումով չի հետաքրքրում այն դատավորի գործողությունները, ով ծաղր է ցուցաբերում արդարադատության հանդեպ:
«Ներկայացված էր դատական նիստի ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի քնած լուսանկարը: Սա արդարադատության նկատմամբ ծաղր չէ՞: Դրանով որևէ մեկը զբաղվե՞լ է՝ Բարձրագույն դատական խորհո՛ւրդ (ԲԴԽ), Արդարադատության նախարարությո՛ւն: Հանրությունը տեսնում է, որ դատավորը դատական նիստի ժամանակ քնած է. որևէ պետական մարմին այդ հարցով զբաղվո՞ւմ է: Տիգրան Սահակյա՛ն, եթե չեք կարողանում չքնել, գնացեք Ձեր տանը քնեք»,- նկատեց Միհրան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում