Սոված հասարակության զրահապատ շահառուները
Անցած շաբաթ բարձրացավ ջրի սակագինը, նախօրեին հայտարարվեց, որ հաջորդ տարվա փետրվարից թանկանալու է նաև էլեկտրաէներգիան, Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը կարող է բարձրանալ ցանկացած պահի։
Սա տեղի է ունենում համատարած գնաճի պայմաններում, սպառողական գրեթե բոլոր հիմնական ապրանքների թանկացման ֆոնին։
Կյանքը Հայաստանում թանկացել է, թանկացել է էականորեն։ Սա հայկական իրականության բազմաթիվ աբսուրդներից մեկն է, այն իմաստով, որ գրեթե ամեն ինչ նյութական չափորոշիչներով գնահատող հասարակությունն անհաղորդ է կյանքի թանկացման շարունակվող գործընթացի նկատմամբ։ Մյուս աբսուրդն այն է, որ դա տեղի է ունենում մի իշխանության պաշտոնավարման պայմաններում, որը իշխանության է եկել նախորդներին նաև ու առավելապես թանկացումների համար քննադատելու, ժողովրդին հարստահարելու ու կեղեքելու մասին հայտարարություններով։
Հիմա Նիկոլ Փաշինյանը, բառի լայն իմաստով՝ զբաղված է ժողովրդին թալանելով ու հարստահարելով, բայց դա ընդունվում է՝ որպես նորմալ, բնականոն երևույթ։ Որևէ սելեբրիթի այդ առիթով բողոքի ակցիա չի իրականացնում, քաղհասարակության որևէ ներկայացուցիչ իրեն չի պատռում քաղաքացու վերջին հարյուր դրամը կողոպտելու առիթով։ Հասարակությունն էլ կարծես ոչ միայն համակերպվել է այս իրավիճակի հետ, այլ անգամ երջանիկ է թալանվող իրականությունում, որովհետև սիրում է թալանողներից գլխավորին։
Կյանքի թանկացումն իրականում միայն առաջին հայացքից է սոցիալական խնդիր։ Այն ոչ միայն քաղաքական է իր դրդապատճառով, այն իմաստով, որ նաև տնտեսական քաղաքականության տապալման հետևանք է, այլ որովհետև ունի քաղաքական շահառուներ՝ ի դեմս իշխանության։ Սոցիալական ծանր պայմաններում ապրող հասարակությունը խիստ խոցելի է ու ենթակա է ցանկացած մանիպուլյացիայի։
Ահա այդպիսի հասարակությունն ապրում է առաջնային պահանջմունքների բավարարման կենսական անհրաժեշտությամբ ու օբյեկտիվորեն խիստ անտարբեր է դառնում երկրորդային պահանջմունքների, արժեքների հանդեպ։
Ավելի պարզ ասած, սոված հասարակությանը քիչ է հուզում, որ հերթական ստորագրությամբ կամ բանավոր պայմանավորվածությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է հանձնել հերթական բնակավայրը կամ ճանապարհը Սյունիքում, որովհետև այդ հասարակության մտահոգությունը ոչ թե հեռավոր Սյունիքն է, այլ մոտակա խանութը, որից հաց գնելը ավելի դժվար է դառնում ամեն օրվա հետ։
Այսինքն, սոված հասարակության գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է։ Նա դեռևս կարողանում է այդ նույն հասարակությանը հավատացնել, որ ինքը ևս սոված է, ու Ալենի համար շուրջ 180.000 դոլարանոց ավտոմեքենա է գնում, որպեսզի վերջինս դիմանա սովին։
Բայց ամենակարևորը՝ սոցիալական վատթարացող պայմանների պատճառով ավելի անտարբեր դարձող հանրային վերաբերմունքը, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը Փաշինյանն օգտագործում է՝ պետության հետ անելով այն ամենը, ինչն անհնար կլիներ ապահոված, հետևաբար՝ նաև երկրորդային պահանջմունքներ ունեցող հասարակության պարագայում։
Դա նշանակում է, որ իրականում իշխանությունը ոչ միայն բացարձակապես շահագրգռված չէ հասարակության սոցիալական պայմանների բարելավմամբ, այլ ճիշտ հակառակը՝ կարող է անել առավելագույնը այդ պայմանները ավելի վատթարացնելու, կյանքը ավելի դժվարացնելու ու պետության վախճանն ավելի հեշտացնելու համար։ Սա էլ հայկական իրականության հերթական, ամենագլխավոր նոնսենսներից մեկն է։
Ռոբերտ Տեր-Սարգսյան