«Նիկոլ Փաշինյանը թիմակիցներ, դաշնակիցներ չունի և երբեք չի ունենալու՝ ծախելու է, «դեմ է տալու», դավաճանելու է՝ սեփական կաշին փրկելու համար». Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ անդրադարձավ շրջանառվող այն տեղեկությանը, թե շուտով Հայաստանն Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ է ստորագրելու, որի տակ հավանաբար կլինի ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կամ Պաշտպանության նախարարի ստորագրությունը։

«Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի համար միշտ գտնվելու են մարդիկ, որոնց ինքը նշանակելու է մեղավորներ, որոնց ինքը դավաճանելու է, ժողովրդական լեզվով ասած՝ «դեմ է տալու»։ Բոլոր իր թիմակիցները, ովքեր դա դեռ չեն հասկացել քաղաքական նաիվության խնդիր ունեն։ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներ, դաշնակիցներ չունի և երբեք չի ունենալու՝ ծախելու է, «դեմ է տալու», դավաճանելու է, նույնիսկ իր ամենահարազատ թիմակիցներին, երբ դա անհրաժեշտ լինի սեփական քաղաքական կաշին փրկելու համար»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, այդ գործընթացում Նիկոլ Փաշինյանը չի կանգնում նույնիսկ հայոց բանակը պիտակավորելու, մեղավոր դարձնելու համար, ուր մնաց՝ իր պատգամավորներից որևէ մեկին «ժերտվա» տալու համար։

«Բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեն, որ շողոքորթելով, լռելով, չխոսելով, չբարձրաձայնելով և բոլոր նրա հանձնարարականները կատարելով՝ իրենք անվտանգ կլինեն, Նիկոլ Փաշինյանի օր օրի նվազող ռեյտինգի շվաքում մի տեղ էլ իրենք ունենան, այդ մարդը սեփական ռեյտինգը փրկելու խնդիր ունի։

Իսկապես առկա են գործընթացն այդ ուղղությամբ տանելու ինչ-որ տեսանելի նշույլներ։ Կարող է նա բավականին դեկլարատիվ փաստաթուղթ ստորագրած լինի Սոչիում և հետագա պրոբլեմատիկ հատվածները թողնի Մհեր Գրիգորյանի ստորագրման և հայտարարման համար, այո՛, այդ միտումը նկատելի է։ Բայց գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս