Սերժ Սարգսյանը մի քանի կարևոր ուղերձ է հղել միջազգային հանրությանը. Լևոն Նազարյան

«Մի քանի ամիս առաջ խոսվել էր, որ Հանրապետական կուսակցության ձայնը լինելու է հնչեղ, լսելի, ինչպես և եղել է, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույնիսկ իշխանությունը կորցնելուց հետո մեր կուսակցությունը կարողացավ դիմակայել քաղաքական միավոր մնալու իր ցանկություններին, և դրա ամենակարևոր ատրիբուտներից մեկը միջազգային հարթություններում աշխատանքն է, և դրա պտուղները մենք տեսանք»,- խոսելով «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Լևոն Նազարյանը՝ հավելելով, որ կոնֆերանսին մասնակցել են 30 երկրների առաջատար կուսակցություններ:

«Կոնֆերանսի ժամանակ Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց հարցեր, հիմնախնդիրներ, որոնք կենսականորեն կարևոր են մեր երկրի համար: Այստեղ առաջինը պետք է փաստել, որ մեր իրականության մեջ տեղի է ունեցել ֆունկցիոնալ ինվերսիա, երբ, այսպես ասած, քաղաքական իմպոտենտների իշխանությունը չկարողանալով սպասարկել մեր պետության և մեր ազգի շահը՝ տրվել է քաղաքական հովերի, այսպես ասած, «ով էշ, իրենք փալան» կարգախոսով աշխատում են՝ սպասելով աշխարհաքաղաքական շաբաշների, թե ով իրենց կպահի իշխանության, և պետության բեռը կրկին մնացել է այն գործիչների ուսերին, ովքեր մշտապես եղել են մեր պետության հիմքում կանգնած»,- նշեց ՀՀԿ անդամը:

Լևոն Նազարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը մի քանի կարևոր ուղերձ է հղել միջազգային հանրությանը:

«Առաջինը խոսվեց պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառության, գերիների հարցի մասին, որի շուրջ, այսպես ասած՝ բերանները փակ այս իշխանությունը՝ գործող գլխավոր կապիտուլյանտի առաջնորդությամբ, վախենում է որևէ ծպտուն հանել, որովհետև կոմպլեքսներ ունի Ալիևից, Թուրքիայից:

Տեսանք, թե ինչպես տարան պլանավորված պարտության մեր երկիրը, և դրա փոխարեն՝ այս խնդիրը բարձրացրեց Սերժ Սարգսյանը: Ամենակարևորը կետը, որ բարձրացվեց, դա ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական կողմի ոտնձգությունների մասին էր: Ամենակարևորը՝ հայտարարվեց, որ ստեղծված իրավիճակի հետ չենք համակերպվելու, և դա չպետք է դիտել որպես ռևանշիզմ: Խոսվեց նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և ԼՂ հակամարտության չկարգավորված լինելու մասին:

Տեսնում ենք, որ այս իշխանությունն իր համրությամբ, գլխիկոր պահվածքով հեզաճկուն հարսի, դեռահաս օրիորդի նազանքով չի հանդգնում կամ չի կարողանում այս հարցերը բարձրաձայնել և խոսել, որ, օրինակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առևտրի առարկա չէ, և մենք, փաստորեն, տեսնում ենք, որ այս իշխանության համար դա առևտրի առարկա է, և, բնականաբար, Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց, որ ՀՀԿ-ն իր քաղաքական օրակարգում այս հարցը պահում է: Կետերից կարևոր էր այն, որ խոսվեց Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունների մասին. կրկին կոչ հղելով Մեդվեդևին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի փոշմանել և ճիշտ որոշում էր՝ անդամակցել ԵԱՏՄ-ին և երկարացնել Գյումրու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում»,- նկատեց Լևոն Նազարյանը:

ՀՀԿ անդամի խոսքով՝ այս պայմաններում փորձ է արվում կատարել արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն:

«Փորձ է արվում կատարել արտաքին քաղաքական կուրսի, անվտանգային տարածքի փոփոխություն և աշխարհաքաղաքական սալերի տեղաշարժի ժամանակ, բնականաբար, այս անգործունակ իշխանությունը չի կարողանալու ճիշտ կողմնորոշվել, ճիշտ մանևրել, և մենք սենդվիչի երշիկի նման ճզմվելու ենք: Առաջին հերթին Հայաստանն է դուրս մղվելու նոր աշխարհի կառուցման տրամաբանությունից, և միգուցե իրենք հայտնվեն պատմության աղբանոցում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս