«Լիստվյաժնայա» հանքում 29 զոհվածների մարմիններ մնում են գետնի տակ
Անցած օրվա ընթացքում փրկարարները դուրս են հանել 11 մարդու մարմին, որոնք Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքում զոհվել են արտակարգ պատահարի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է տարածաշրջանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Այժմ հանքում մնացել են 27 զոհված հանքագործներ եւ երկու լեռնափրկարարներ: Հայտնի է 12 հանքագործների եւ երկու լեռնափրկարարների գտնվելու վայրը, 15 հանքագործների որոնումը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 3-ին պլանավորվել է օդափոխել վթարային տեղամասերը, ինչը թույլ կտա շարունակել զոհված հանքագործների որոնումները եւ վթարի հետեւանքների վերացումը:
«Գազի հետ կապված իրադրությունը հանքում բարդ է, բայց կայուն: Լեռնափրկարարների ջոկատներն անցկացնում են հանքափորվածքների չհետազոտված մասերի հետախուզում, որոնում եւ զոհված հանքագործների մարմինների դուրսբերում»,-նշում է մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է նաեւ, որ ժամը 12:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 09:00) Կուզբասի ստացիոնարներում գտնվում է16 տուժած: Նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է, 15-ինը՝ բավարար: Պլանավորվում է 13 մարդու դուրսգրում: 83 հոգի գտնվում են բժիշկների ամբուլատոր հսկողության ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: