Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի
Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2024 թվականը:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների, մասնավորապես մեծ, միջին, փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը»,- ասաց Գաբրիելյանը:
Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:
Գաբրիելյանի վստահեցմամբ՝ 2019 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունն ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր՝ էլեկտրամոբիլների ձեռքբերման, ինչպես նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար:
2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել 5 291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այդ թվում 2019-ին՝ 668, 2020-ին՝ 2 155 և միայն 2021-ի առաջին կիսամյակում՝ 2 468: 2018 թվականին ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ:
«Արդեն իսկ տեղադրվել են և շահագործվում են հզորությամբ ավելի քան 40-45 լիցքավորման կայաններ, Երևանում՝ մոտ 20, Գյումրիում՝ 6, Ծաղկաձորում, Դիլիջանում, Իջևանում՝ 3-ական, Վանաձորում, Սևանում և Աշտարակում և հանրապետության մի շարք համայնքներում՝ մայրուղիների և ճանապարհների վրա»,- ասաց փոխնախարարը:
Ներկայում Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ևս մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրոնային շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կառավարության համար ձեռք բերել 1 տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ և լիցքավորման կայաններ:
Նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը: