Եվրախորհուրդը որոշել է «խախտման ընթացակարգ» սկսել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում էր որակել 4 տարի անազատության մեջ պահվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանձնաժողովն ընդգծել էր, որ նոյեմբերի 26-ին Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը ՄԻԵԴ-ի որոշումներին Թուրքիայի ենթարկվելու պարտավորության խախտում է։ Իսկ Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն հունիսին և սեպտեմբերին հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի որոշումներին չհնազանդվելու դեպքում Թուրքիայի դեմ «խախտման գործընթաց» կհարուցվի։

Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի շուրջ 3 օր շարունակվող նիստերն ավարտվել են։ Կոմիտեն որոշում է կայացրել Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել՝ Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։

Նշենք, որ «Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) կենտրոնի հիմնադիր Օսման Քավալան, որին տարբեր մեղադրանքներ են առաջադրվել «Գեզի» զբոսայգու անկարգությունների, ինչպես նաև 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առթիվ հարուցված գործերով, արդեն 49 ամիս թուրքական բանտում է։

Քավալան կալանավորվել է 2017-ին, իսկ 2019-ի մայիսին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թուրք պաշտոնյաները Քավալայի դեմ դատական գործ են հարուցել՝ վերջինին լռեցնելու նպատակով։

Հավելենք, որ Եվրախորհուրդը «խախտման ընթացակարգի» շրջանակում կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական օրենքները խախտող երկրների դեմ։ Մինչև օրս նման պատժամիջոց կիրառվել է միայն մեկ անգամ, այն էլ Ադրբեջանի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս