
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանդիպել են Ստոկհոլմում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բեն Կնապենի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։
Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել նիդերլանդական կողմին՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և հաջորդած շրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և սատարման, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից հարցի բարձրացման համար։
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը։