Կողբի համայնքապետի պաշտոնակատարը, կորոնավիրուսով վարակված, նախընտրական քարոզարշավի է մասնակցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կողբի համայնքապետի պաշտոնակատար Սերյոժա (Սերգեյ) Ավագյանը, վարակված լինելով կորոնավիրուսով, օրերս՝ նոյեմբերի 30-ին, նախընտրական քարոզարշավի է մասնակցել: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին հենց ինքը՝ համայնքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց: Ավագյանի՝ Facebook-ի էջում դեկտեմբերի 1-ին տեղադրված տեսանյութում, որն իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ նոյեմբերյանի մի քանի գյուղերում իրականացված քարոզարշավին է վերաբերում, հստակ երեւում է՝ ինչպես է նա, օրինակ, ծաղիկ խոնարհում հանուն հայրենիքի զովհածների հուշակոթողին: «Ես չգիտեմ՝ ինչ ահազանգ է, բայց մի անգամ եմ գնացել Կողբում քարոզարշավ իրականացնելիս: Գնացել, հեռու կանգնել եմ՝ սոցիալական հեռավորությունը պահելով: Իսկ ուրիշ բանի ո՛չ մասնակցել եմ, ո՛չ էլ ինչ-որ մի բան»,- մեզ հետ զրույցում ասաց Ավագյանը: Մեր դիտարկմանը, թե տեսանյութում հստակ երեւում է՝ ինչպես է ինքը հանրային նշանակության միջոցառման մասնակցում, արձագանքեց. «Թեստի պատասխանը, հա, դրական էր, ու «բյուլետենով» 14 օր տանը կարանտինային ռեժիմ պետք է լիներ, բայց տաքություն, սատուրացիա, էդ բաները նորմալ են: Էդ օրն էլ դրսում ո՛չ քարոզարշավ էի անում, ո՛չ բան: Եկել էին, իմ գյուղ էին մտել, դուրս եմ եկել, դիմավորել եմ, էդքան բան»:

Մեզ հետ զրույցից հետո Ավագյանը հետ զանգեց՝ ավելացնելով. «Նոյեմբերի 25-ին երբ թեստ էի հանձնել, դրա պատասխանն էր դրական, բայց թեստ նաեւ նոյեմբերի 30-ին էի հանձնել՝ քարոզարշավի օրը: Էդ անգամ արդեն բացասական էր պատասխանը»: Ավագյանը վստահեցրեց նաեւ, որ բացասական թեստի պատասխանն իր մոտ է ու պատրաստ է հրապարակել այն: Նշենք, որ Վարչական իրավախատումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածը, որ վարեբերում է «Սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոններին ու նորմաներին, հիգիենիկ նորմատիվները խախտելուն», սահմանում է՝ տուգանք նշանակել նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով:

Արարքը կարող է պատժելի լինել նաեւ նույն օրենսգրքի 182.4 հոդվածի համաձայն, որ սահմանում է «Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը»: Այն ենթադրում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:

Հավելենք, որ Կորոնավիրուսով վարակելը պատժվում է նաեւ Քրեական օերնսգրքով: ՔՕ 124.1 հոդվածի համաձայն՝ անձին վարակով վարակելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Իսկ եթե արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Հետաքրքիր է՝ ինչ պատիժ կսահմանվի Կողբի համայնքապետի ԺՊ-ի նկատմամբ՝ հանրային վտանգավոր արարք թույլ տալու համար»:

Տեսանյութեր

Լրահոս