Բաժիններ՝

Կուրցը պաշտոնապես հավաստեց իր հեռանալը քաղաքականությունից

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը դեկտեմբերի 1-ին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, որ թողնում է «Կանաչների» հետ կոալիցիան գլխավորող Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) նախագահի պաշտոնը եւ հեռանում է Ավստրիայի քաղաքականությունից։

Նրա խոսքով՝ 10 տարվա ընթացքում տարբեր պաշտոններում լինելով քաղաքականության մեջ եւ կառավարությունում՝ ինքը շատ բան է սովորել եւ չափազանց շնորհակալ է այդ ժամանակի համար: Անցած շաբաթները դյուրին չեն եղել իր համար ներկուսակցական իրադարձությունների ֆոնին, իսկ որդու ծնունդը դարձել է առանձնահատուկ հրաշք եւ ուրախություն իր կյանքում, խոստովանել է Կուրցը: «Վաղը ես կհրավիրեմ կուսակցության նախագահության հանդիպում եւ կհանձնեմ կուսակցության նախագահի՝ իմ լիազորությունները,- ասել է Կուրցը:- Հետագա շաբաթների ընթացքում վայր կդնեմ իմ բոլոր քաղաքական պարտականությունները»:

Ավելի վաղ Կուրցի այս պլանների մասին հայտնել է Kronen Zeitung թերթը: Հրատարակության տեղեկատվությամբ Կուրցն այդ որշումն ընդունել է որդու ծնվելուց հետո:

ԱԺԿ-ի առաջնորդ պետք է դառնա ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը: Նոյեմբերի 27-ին Կուրցը հայտնել է, որ ինքը եւ իր կյանքի ուղեկցուհին ունեցել են առաջին երեխան: Զույգը նորածնին Կոնստանտին է կոչել:

Կուրցը 2021 թվականի հոկտեմբերին թողել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը՝ կաշառակերության աջակցման եւ վստահության չարաշահման կասկածանքով իր նկատմամբ վարվող հետաքննության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս